211652_close_icon
views-count1911 դիտում article-date 20:54 13-11-2020

Պահանջում ենք իշխանություններից հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել ատելության և բռնության կոչերը հանրայնացնելու փաստերի վերաբերյալ. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Նոյեմբերի 12-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկի խոսքը, որը պարունակել է հայհոյանք ու ատելություն, բռնության ու սպանության սպառնալիք։ Տեսանյութի մի մասը հեռարձակվել է նաև հանրային հեռուստատեսության եթերում։ Այս թեմայի վերաբերյալ հայտարարություն են տարածել մի շարք լրագրողական կազմակերպություններ: «Իշխանությունների դեմ ուղղված ջարդարար գործողություններից հետո այժմ էլ ինքը՝ իշխանությունը, կարծես թե չի ուզում խտրականություն դնել քաղաքական պայքարի միջոցների մեջ։ Երկրի համար այս ճակատագրական օրերին ահագնացող ներքաղաքական առճակատումը էլ ավելի է պառակտում հասարակությունը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, առաջին հերթին՝ հանրային հեռարձակողին, ապա այսօր դրանց գլխավոր առաքելությունը պետք է լինի հասարակության համախմբման, երկրի առջև ծառացած ծանր խնդիրների լուծմանն ուղղված պատասխանատու գործունեությունը։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր համաձայնություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան գրառման գնահատականների և պահանջների առնչությամբ, խստագույնս դատապարտում ենք երկրի գլխավոր հրապարակում ատելություն, հայհոյանք և սպառնալիք պարունակող խոսքի տարածումը, ինչպես նաև այլ նման բովանդակությամբ նյութերի հեռարձակումը հանրային հեռուստատեսության եթերում։ Պահանջում ենք նաև․ - իշխանություններից՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել ատելության, թշնամանքի և բռնության կոչերը հանրայնացնելու փաստերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, որոնք կազմակերպել և իրականացրել են այդ անթույլատրելի գործողությունը, - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից՝ երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում պատշաճ վերահսկողություն սահմանել եթեր հեռարձակվող բովանդակության նկատմամբ՝ բացառելով թշնամանքի և բռնության հրահրումը, - մասնավոր լրատվամիջոցներից՝ առավելագույն պատասխանատվություն, խնդիրների բազմակողմանի և հավասարակշռված լուսաբանում, լրագրողական էթիկայի նորմերին համապատասխանող մասնագիտական գործունեություն։ Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին չենթարկվել սադրանքներին՝ լինեն դրանք ընդդիմության, թե իշխանության կողմից, և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների։ [b]ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»[/b],-նշված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր