211652_close_icon
views-count1132 դիտում article-date 12:12 04-03-2023

Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը և փակել Լաչինի միջանցքը. Արշակյանը՝ Գանայի Տեղեկատվության նախարարին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Նյու Դելիում հանդիպել է Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակներում։

«Հաշվի առնելով, որ Գանայի Հանրապետությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ երկիր է, նշել եմ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները եւ փակել Լաչինի միջանցքը` Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ներկայացրել եմ նաեւ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի վճիռը կապված Լաչինի միջանցքի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբ Արշակյանը։

ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։

Գանայի Տեղեկատվության նախարարն ընդգծել է, որ Գանան, հանդիսանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հետեւողականություն կդրսեւորի բարձրաձայնված հարցերի հասցեագրման կապակցությամբ։

Հայաստանի ԱԺ փոխնախագահն ու Գանայի Տեղեկատվության նախարարն անդրադարձել են նաեւ Գանայի եւ Հայաստանի միջեւ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը:

Քննարկվել է կիբերանվտանգության, թվայնացման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղիները: Ընդգծվել է նաեւ Հայ-Գանայի գործարար կապերի շփումների խթանումն ու խորացումը։

Նմանատիպ նյութեր