211652_close_icon
views-count1306 դիտում article-date 11:13 06-03-2023

Իշխող Բարեփոխումների կուսակցությունը հաղթում է Էստոնիայի ընտրություններում

Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող Լիբերալ բարեփոխումների կուսակցությունը՝ վարչապետ Կայա Կալլասի գլխավորությամբ։ Քվեաթերթիկների գրեթե 100 տոկոսի մշակումից հետո այն հավաքում է ընտրողների ձայների ավելի քան 31 տոկոսը՝ մեծ առավելությամբ առաջ անցնելով մրցակիցներից, վկայում են հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալները: 

Բարեփոխումների կուսակցությունը, որը հանդես է գալիս երկրի անվտանգության ամրապնդման, Կրեմլի նկատմամբ կոշտ քաղաքականության եւ Ուկրաինային համապարփակ աջակցության օգտին, կարող է 37 պատգամավորական մանդատ ակնկալել, ինչը 3-ով ավելի է, քան 2019 թվականի նախորդ ընտրություններում: 

Երկրորդ տեղը զբաղեցնում է Էստոնիայի աջ պոպուլիստական պահպանողական Ժողովրդական կուսակցությունը (EKRE) կուսակցությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 16 տոկոսը, ինչը նրան 17 տեղ է տալիս խորհրդարանում: Երրորդ տեղում կենտրոնամետ կուսակցությունն է, որը հավաքում է ձայների ավելի քան 15 տոկոսը եւ ստանում 16 մանդատ։

Խորհրդարան է անցնում եւս երեք կուսակցություն ՝ երիտասարդ լիբերալ Eesti 200 կուսակցությունը, պահպանողական Isamaa-ն (Հայրենիք) եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Ընտրություններին մասնակցած մյուս կուսակցությունները չեն հաղթահարում 5 տոկոսանոց շեմը։

Նախնական տվյալներով՝ Էստոնիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,7 տոկոս, մոտավորապես ինչպես 2019 թվականի ընտրություններին: Ընդհանուր առմամբ քվեարկել է մոտ 615 հազար ընտրող, որոնցից ավելի քան 301 հազար մարդ օգտվել է թղթային քվեաթերթիկներից, իսկ ավելի քան 313 հազար մարդ՝ ինտերնետային քվեարկությունից:

101 պատգամավորական մանդատի համար պայքարին մասնակցել են 968 թեկնածուներ 9 քաղաքական կուսակցություններից, ինչպես նաեւ 10 անկախ թեկնածուներ։

Իշխանության մնալու համար Բարեփոխումների կուսակցությունը պետք է նորից կոալիցիա կազմի մեկ կամ մի քանի այլ կուսակցությունների հետ։ Ընդ որում, Կալլասը բացառել է EKRE-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը՝ գաղափարական տարաձայնությունների պատճառով։

EKRE կուսակցության առաջնորդ Մարտին Հելմեն հետեւողականորեն դեմ է Ուկրաինային զենքի մատակարարմանը։ Վերջերս նա մեղադրել է պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Մարտին Հերեմին այն բանում, որ Էստոնիան քայքայել է սեփական պաշտպանունակությունը՝ Կիեւին փոխանցելով իր զենքն ու զինամթերքը։

Նմանատիպ նյութեր