211652_close_icon
views-count57300 դիտում article-date 13:40 09-03-2023

Երեկ Հրազդանի «Գայի պոստի» մոտ ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածները երջանկահիշատակ գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հարազատներն են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները երջանկահիշատակ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի և նրա որդի՝ երջանակահիշտակ գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանի ազգականներն են։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռազմիկ Դավոյանը, վիրավորներն են՝ նրա կինը՝ Երևանի բնակիչ 27-ամյա Ինեսա Մակարյանը և նրանց երեխաները՝ 6-ամյա Մհեր Դավոյանն ու 2-ամսական Լուսինե Դավոյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:50-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» մոտ,  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն և գլխիավայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով աշխատանքից տուն վերադարձող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Էդվարդ Մկրտչյանը, Արթուր Սողոմոնյանը և Արամ Սաֆարյանը: 

Պարեկները, չսպասելով շտապօգնության ժամանմանը, իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնություն են ցուցաբերել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջն ու երկու անչափահաս երեխաներին, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի  գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Քանի որ ավտոմեքենան գլխիվայր մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում՝ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Ահարոն Նավասարդյանն ու կրտսեր պարեկ Արման Բաբայանը:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Վթարի մասին Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Հիվանդանոցի բակում հավաքված վիրավորների հարազատներն ասում էին.
«Այս պահին չգիտենք, թե ինչն է եղել ավտովթարի պատճառը, բայց սրտանց ուզում ենք մեր շնորհակալությունն ու երախտիքի խոսքն ուղղել այն երեք պարեկներին, ովքեր շատ արագ նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել մորն ու նրա 2 երեխաներին, ապա տեղափոխել հիվանդանոց: Հրազդանի բժիշկներն էլ ինչ հնարավոր է, արել են: Երեխաներին ռեանիմոբիլով տեղափոխեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բժիշկներն էլ մեզ ասում էին, որ եթե երեխաներին ու մորն օգնության ձեռք մեկնողները ժամանակին չհասնեին նրանց օգնության, ապա գուցե ավելի ծանրանար նրանց վիճակը: Մենք տեսանք նաև, թե պարեկների հագուստներն ինչպես էր արյունոտվել, հավանաբար վիրավորներին գրկած էին  տեղափոխել հիվանդանոց»: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր