211652_close_icon
views-count1345 դիտում article-date 13:38 10-03-2023

ՊԵԿ-ը բացահայտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռների ներմուծման  դեպքեր, նախաձեռնվել են քրեական վարույթներ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է Վրաստանից ներմուծումները` որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ ձևակերպելու բազմաթիվ դեպքեր: Հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից: 

Ամիսներ շարունակ ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջ կողմից մշակվել և իրագործվել է հանցավոր սխեմա: Արդյունքում, ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:  

Մասնավորապես, տրանսպորտային միջոցը դատարկ վիճակում հատել է հայ-վրացական սահմանը, հետո՝ վրաց-ռուսական սահմանը, այնուհետև վերադարձել է ու նորից դատարկ վիճակում հատել  ռուս-վրացական սահմանը:  ՌԴ-ում  կազմվել է ՌԴ ռեզիդենտից ապրանքների ձեռքբերման կեղծ հաշիվ-ապրանքագիր և տարանցիկ հայտարարագիր: Տրանսպորտային միջոցն այդ հայտարարագրով հատել է ՌԴ «Վերին Լարսի» սահմանային անցակետը, սակայն Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետում չի ներկայացրել ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրը և տարանցիկ հայտարարագիրը ու փաստացի Վրաստան է մուտք  գործել դատարկ վիճակում: Այնուհետև Վրաստանում  ֆիզիկական անձանց ու տրանսպորտային միջոցների վարորդների անուններով ձեռք են բերվել ապրանքներ, որոնք բեռնվել են տրանսպորտային միջոց: Նշված ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցը հատել է Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետը` ձևակերպվելով արտահանում Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն, սակայն հասնելով Հայաստանի «Բագրատաշենի» սահմանային անցակետ`  Հայաստանի մաքսային մարմնին ներկայացվել է ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրն ու տարանցիկ հայտարարագիրը: 

Նախօրոք իմանալով Վրաստանում ձեռք բերվող ապրանքների տեսականին և քանակները` ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրում և տարանցիկ հայտարարագրում նշվել են ձեռքբերվող ապրանքների իրական տեսականին և քանակները, իսկ ապրանքների գները նշվել են մի քանի անգամ ցածր գնով: 

Նկարագրված եղանակով շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում 72 դեպքով փաստացի Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել «Կինդեր ձվիկ» կոնֆետներ, մաստակներ, տնտեսական և այլ ապրանքներ, որոնք փաստաթղթերով ձևակերպվել են որպես ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ներմուծումներ:

Միաժամանակ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջը պատկանող ընկերություններից մեկը նկարագրված սխեմայով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ապրանքներ: Բեռը ներմուծող տրանսպորտային միջոցը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո մուտք է գործել «Բագրատաշենի» սահմանային անցակետ: Վարորդի մոտից հայտնաբերվել են ներմուծված ապրանքների արտահանման փաստաթղթերը և նամակ, որով ՌԴ ապրանք մատակարարողը  հայտնել է, որ իբրև սխալմամբ է ապրանքն ուղարկել Հայաստանի Հանրապետություն և պահանջել բեռը  հետ վերադարձնել: Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է ներմուծված բեռի արտահանումը Ռուսաստան: փաստացի հետազոտմամբ պարզվել է նաև, որ ներմուծված ապրանքների  մակնշումները թուրքերեն լեզվով են:

Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Առերևույթ, հանցագործության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է՝ փաստացի երրորդ երկրներից ներմուծումները չձևակերպել որպես  ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ:

Նմանօրինակ դեպքերը բացահայտելու համար ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում իրականացվում են ամենօրյա հսկողական աշխատանքներ՝ նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու նպատակով:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր