211652_close_icon
views-count3030 դիտում article-date 19:22 16-03-2023

Աննա Վարդապետյանն արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը եւ արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը՝ ընդգծելով, որ միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան: Այս մասին  տեղեկանում ենք դատախազությունից:

«Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս գործընկերային ձևաչափով լուծել բոլոր խնդիրները»,- շեշտել է ՀՀ գլխավոր դատախազը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022  թվականի ապրիլին  Հայաստանի Հանրապետության դատախազության և Վրաստանի դատախազության միջև ստորագրված համագործակցության փոխըմբռնման հուշագրին՝ ուղղված երկու երկրների դատախազությունների միջև գործընկերության արդյունավետության բարձրացմանը: Այս համատեքստում ընդգծվել է պրակտիկ փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների դատախազների համար տարբեր ձևաչափերի քննարկումների, ֆորումների, ուսումնական այցերի և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի դատախազությունը կնշի հիմնադրման 105-ամյակը, որի շրջանակում կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու համար առաջիկայում հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը՝ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության համար, կարևորել է երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է այցելել Վրաստան:

Նմանատիպ նյութեր