211652_close_icon
views-count910 դիտում article-date 14:49 03-06-2015

Իվիցա Դաչիչը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների և ԵԱՀԿ տարբեր կառույցների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը

Հունիսի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչին։ Հանդիպումը մեկնարկեց երկկողմ ձևաչափով, որի ընթացքում քննարկվեցին հայ-սերբական օրակարգի հարցերը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ և բազմակողմ ձևաչափով հաճախակի հանդիպումները, որոնք միջպետական հարաբերություններում բարձր մակարդակի խոսուն վկայությունն են։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և հյուրընկալության համար՝ նախարար Դաչիչը նշեց, որ Հայաստանը և Սերբիան եղբայրական պետություններ են, և կարևորեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու ամրապնդումը։ Երկուստեք կարևորվեց Հայաստանին և Սերբիային կապող դարավոր բարեկամությունը։ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ այդ բարեկամության գործնական դրսևորումը Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի մասնակցությունն էր Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Գոհունակությամբ արձանագրվեց, որ գործնական քայլեր են ձեռնարկվում պայմանավորվածությունների իրականացման համար։ Անդրադարձ արվեց Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպմանը քննարկվեցին առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման հետ կապված հարցեր։ Երկկողմ ձևաչափով հանդիպումից հետո Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-ների միջև փոխգործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացում: Այնուհետև տեղի ունեցավ ԵԱՀԿ ձևաչափով հանդիպումը՝ ԵԱՀԿ քարտուղարության և սերբական նախագահության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի բանակցություններին քննարկվեցին կազմակերպության օրակարգային հարցերը։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում սերբական առաջնայնությունների իրականացմանը: Իվիցա Դաչիչը բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների և ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում՝ կազմակերպության երևանյան գրասենյակի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Քննարկվեցին ԵԱՀԿ տարածաշրջանի հրատապ խնդիրները։ Անդրադարձ արվեց ուկրաինական ճգնաժամին, դրա հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ քայլերին, շեշտվեց Մինսկի պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները քննարկեցին Բելգրադում տարվա վերջին կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նախապատրաստական աշխատանքները։ Հանգամանալից քննարկվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Իվիցա Դաչիչը վերահաստատեց սերբական նախագահության անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին։

Նմանատիպ նյութեր