211652_close_icon
views-count1225 դիտում article-date 23:24 16-03-2023

Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանի հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է.Ռուբեն Վարդանյան

Առաջին օրվա քվեարկության արդյունքներով՝ Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է: Այսպես է կարծում «Ապագա Հայկականը» համաժողովի մասնակիցների, փորձագետների մեծ մասը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Անցյալ շաբաթ Երևանում կայացավ Համահայկական առաջին քաղաքացիական համաժողովը։ Համաժողովի 200 մասնակիցները ընտրվել էին թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից նախապես գրանցված հազարավոր հայրենակիցներից՝ պայմանավորված սեռատարիքային, կրթական և բնակության վայրի ցուցանիշներով: Ցավոք, ընտրված մասնակիցներից մի քանիսը, Արցախում տիրող ճգնաժամի պատճառով, հնարավորություն չունեցան մասնակցելու դեմ առ դեմ ձևաչափով։ Նրանք հնարավորություն ունեցան քննարկելու ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆ նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստանի և Սփյուռքի միասնություն», «Բնակչության աճ»։

Եռօրյա քննարկումների ընթացքում վեհաժողովի մասնակիցները կիսվել են ավելի քան 2 000 դիտարկումներով ու մտահոգություններով, ներկայացրել տասնյակ ծրագրային առաջարկներ և քվեարկությամբ սահմանել դրանց իրականացման առաջնահերթությունները։

Այսպիսով, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ձևավորել էր մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր ներկայացուցիչները ուսումնասիրեցին, քննարկեցին և ընտրեցին փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը: Համաժողովի յուրաքանչյուր օր ավարտվում էր առաջարկների և նախաձեռնությունների վերաբերյալ քվեարկություններով:

Առաջին օրվա քվեարկության արդյունքներով՝ Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է: Այսպես է կարծում «Ապագա Հայկականը» համաժողովի մասնակիցների, փորձագետների մեծ մասը: Հարցն այն է՝ արդյո՞ք Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ ուժն ու աջակցությունը, տեսնում են, որ չնայած շրջափակմանը՝ իրենց հետ են Հայաստանը և Սփյուռքում գտնվող հայերը:

Շրջափակման ավելի քան 90 օրերը պարզ ցույց տվեցին, որ Արցախում ստեղծված իրավիճակը միայն հայերին չէ, որ մտահոգում է: Մենք տեսանք, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող, տարբեր ազգություններ ներկայացնող բազմաթիվ մարդիկ փորձում են աջակցել Արցախին: Շատ կարևոր է, որ այդ աջակցությունը միս ու արյուն ստանա՝ դառնալով առարկայական քայլեր ու նախագծեր։

Տարանջատել, ասել՝ սա արցախցի է, սա՝ հայաստանցի, սա լիբանանահայ է, ճիշտ չէ։ Այս իրավիճակում մենք բոլորս արցախցի ենք, որովհետև շրջափակումը վերաբերում է ոչ միայն 120 հազար մարդու, այլև մեր հայկական ոգուն, մեր լինել չլինելուն, մեր ազգային արժանապատվությանը։ Հայկական ԴՆԹ-ն պահպանելու ամենակարևոր հարցերից մեկն է կանգնած մեր առաջ: Սա մեզ համար պատմական ու ճակատարգրական պահ է:

Ուրախալի է, որ այդ կարծիքը գերիշխել է քննարկման ժամանակ, բայց մյուս կողմից ամենօրյա գործնական քայլեր են պետք։ Սփյուռքում, Հայաստանում, Արցախում պետք է ամեն ինչ արվի, որ մենք կարողանանք համագործակցության այդ մոդելն իրականացնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր