211652_close_icon
views-count1690 դիտում article-date 14:10 17-03-2023

Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը Հայաստանի վրա. ISW

Ռուսաստանը կկորցնի ռազմական ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրներում, քանի որ այնտեղից վերաբաշխել է իր ուժերը Ուկրաինայի դեմ պատերազմի համար, հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW):

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Ադրբեջանին մեղադրել է նոր լայնածավալ հարձակում եւ Արցախի էթնիկ հայերի ցեղասպանություն պատրաստելու եւ իրականացնելու մեջ։ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եթե Ռուսաստանի Դաշնությունը չկարողանա պահպանել Լեռնային Ղարաբաղում 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը, որը կնքվել է Մոսկվայի միջնորդությամբ։

Փաշինյանն ավելի վաղ Արցախում ռուսական «խաղաղապահ ուժերին» մեղադրել էր «իրենց պարտավորությունները չկատարելու մեջ՝ այն բանից հետո, երբ 2022թ. դեկտեմբերին ռուսական ուժերին չէր հաջողվել ապահովել» անցումը Հայաստանի եւ Արցախի միջեւ միակ՝ Լաչինի միջանցքով։

«Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը, ամենայն հավանականությամբ, անբավարար են։ 2022 թվականի մարտին Մոսկվան Ղարաբաղից Ուկրաինա վերաբաշխեց 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները՝ Ռուսաստանում միակ հատուկ խաղաղապահ բրիգադը»,- ասվում է զեկույցում։

ISW-ն հիշեցնում է, որ 2022 թվականի հունիսին Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտնել էր, որ երկրի զինված ուժերը լուրջ կորուստներ են պատճառել Ռուսաստանի Դաշնության 15-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադին՝ 1800 զինծառայողներից 800-ը սպանվել են, վիրավորվել  մոտ 400-ը։ 

«Մոսկվան կկորցնի ռազմական ազդեցությունը ՀԱՊԿ երկրներում և Վրաստանում, քանի որ Ղրղզստանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Տաջիկստանում տեղակայված ռուսական ուժերի մի մասը ուղարկվել են Ուկրաինա՝ պատերազմին մասնակցելու»,- ավելացրել են փորձագետները։

Նմանատիպ նյութեր