211652_close_icon
views-count157128 դիտում article-date 23:58 21-03-2023

Խոշոր ու ողբերգական ավտովթար` Շիրակի մարզում. Գյումրու Հայուհու հրապարակում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. կա 2 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ, բախվել են Mercedes և  Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 3 հոգի «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել ու հերթապահություն են իրականացրել Շիրակի մարզի գումարտակի պարեկներ Վարդան Հովհաննիսյանն ու Տիգրան Ղազարյանը։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը` վերածվելով մետաղե ջարդոնի։ Opel-ի վրայից գազաբալոնը պոկվել ու շպրտվել է։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Աղաս Իսահակյանի գլխավորությամբ, «Գյումրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կումայրիի բաժին, որ վիրավորներից 2-ը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր