211652_close_icon
views-count940 դիտում article-date 13:40 22-03-2023

Ադրբեջանն արհամարհում է միջազգային դատարանի որոշումը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մարտի 21-ին հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu, Special Advisor of the UN Secretary-General on the Prevention of Genocide) հետ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների դրսևորումները: Տեղեկացնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ 100 օր շարունակվող շրջափակումը Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ արտահայտություն է, ինչի մասին նախորդ տարվա դեկտեմբերի վերջից ի վեր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և Հատուկ խորհրդականին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել հայկական կողմից։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ցեղասպանության կանխարգելման հարցերով Հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից մշակված «Ոճրագործությունների վերլուծության շրջանակ. Կանխարգելման գործիքակազմ» (Framework of Analysis for Atrocity Crimes: A tool for prevention) փաստաթղթով սահմանված՝ զանգվածային ոճրագործության նախանշան հանդիսացող գործոններին։

Անդրադառնալով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժ ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ս.թ. փետրվարի 22-ի որոշմանը՝ Մհեր Մարգարյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից դրա իրականացումից հրաժարվելն ի ցույց է դնում միջազգային պարտավորությունների հանդեպ վերջինիս բացահայտ արհամարհանքը՝ նշելով զանգվածային ոճրագործության բոլոր նախանշանների առկայության պայմաններում ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր