211652_close_icon
views-count898 դիտում article-date 19:07 28-03-2023

Իսպանիայի դեսպանի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկման կարևորությունը

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ:

Քննարկվել են մի շարք, այդ թվում՝ տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը և ՀՀ-ԵՄ գործընկերության այլ հարցերի՝ հաշվի առնելով նաև, որ Իսպանիան հուլիսից ստանձնելու է ԵՄ խորհրդում նախագահությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներով: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի՝ այդ թվում նաև վերջին շրջանի ագրեսիվ գործողություններին, ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությանն ու Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից միջանցքի արգելափակման վերացման, ինչպես նաև Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր