211652_close_icon
views-count59956 դիտում article-date 22:33 30-03-2023

Արտակարգ դեպք Վարդենիսի Սոթքի ոսկու հանքում. բախվել են ԲելԱԶ բեռնատարն ու Mitsubishi-ն. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում սանավիացիայի ուղղաթիռով  տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Նվեր Ա.-ն իր վարած թիվ 16 համարի ԲելԱԶ բեռնատարով հետընթաց կատարելիս բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ա.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամ Ա.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն: 

Օպերատիվ են գործել «Վարդենիս» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ նախ տեղում առաջին  բուժօգնութունն են ցուցաբերել : 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Աշոտ Գևորգյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Սմբատյանը: 

Վթարի մասին Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդներից Նվեր Ա.-ն աշխատում է նշված հանքում, որպես մեքենավար, իսկ վիրավոր Արամ Ա.-ն՝ նույն հանքում, որպես փականագործ վարորդ: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր