211652_close_icon
views-count14215 դիտում article-date 15:20 05-04-2023

Քեզ բացակա չենք դնի՝ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Էրիկ Եղիազարյան․ քո անվամբ բացված մարզահրապարակում մարզվելու են ապագա զինվորները, որոնց համար դու ու քո նման արծիվները մնացին հավերժ զինվոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 3-ին Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի դահլիճում հաճախ կլսեիր Մեծն Սևակի «Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին» հայտնի բանաստեղծության խոսքերը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանաստեղծության այդ խոսքերն արտասանողներն ասում էին, որ այն կարող են նաև նվիրել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Էրիկ Եղիազարյանին, ով բազմաթիվ լեգենդ դարձած առյուծ ու արծիվ հերոսների նման իր կյանքը զոհեց Հայաստանի ու Արցախի համար։ 

Դահլիճում ելույթներով հանդես եկան դպրոցի սաները, ներկա էին հերոսածին մայրեր, որոնց որդիները լեգենդ դարձած հերոսներ են, նրանց հայրերը, ընկերները, այդ թվում՝ զինակից, ծնողներ, անգամ՝ հերոս Էրիկին չճանաչողներ, դպրոցի ուսուցչական անձնակազմը։

Դահլիճում տեղի ունեցած միջոցառումից հետո դպրոցի բակում բացվեց Էրիկ Եիղազարյանի անվամբ անվանակոչված մարզահրապարակ, որը կառուցվել ու բարեկարգվել էր բարեգործների և հերոս Է․ Եղիազարյանի ընտանիքի շնորհիվ։ 

Էրիկ Էդուարդի Եղիազարյան

2001թ օգոստոսի 9-ին ք. Երևանում, Եղիազարյանների ընտանիքում ծնվեց այդքան սպասված հրաշք տղան, երկու քույրերի փոքր եղբայրը: 2004թ Էրիկը առաջին անգամ գնաց  Քանաքեռի N 157 մանկապարտեզը, որտեղ անմիջապես դարձավ դաստիարակների ու ընկերների սիրելի սանը՝ վառ ու լուսավոր, անսահման բարի ու ազնիվ փոքրիկը դեռ պարտեզում գրավեց իրեն շրջապատողների սրտերը: Մեկ տարի հաճախելուց հետո 2005թ ընդունվում է «Էրուդիտ» քոլեջ:

2007թ Էրիկը մեծ ուրախությամբ և ցնծությամբ բացեց իր կյանքի հաջորդ շրջափուլը՝ գնաց դպրոց՝ Խ. Աբովյանի անվան N 84 դպրոցը: Էրիկը ուներ շատ մեծ ընդունակություններ՝ հատկապես լեզունների նկատմամբ:

Էրիկը դեռ փոքր տարիքից շատ էր սիրում զինվորական համազգեստը: Միշտ ասում էր, որ հպարտությամբ է կրում այն: 2013-2014թթ գրանցվել էր «Պատանի երկրապահների» ակումբում:
Զբաղվել է Թայլանդական բոքս և լող սպորտաձևերով:

2018 ուսումը շարունակել է Քանաքեռի N 103 ավագ, ապա «Հայ-չինական բարեկամության դպրոց հիմնադրամում»:
               
Էրիկը բարության մարմնացում էր, հոգատար, ուշադիր, բոլոր մարդկանց մեջ միայն լավ գծերն էր նկատում, հիշաչար չէր, ապրում էր կյանքի բոլոր գույներով, կյանքը եռում էր իր մեջ։ Աշխարհի ամենալավ քեռին էր: Թև ու թիկունք էր իր ծնողներին յուրաքնչյուր հարցում և իրավիճակում։ Անարդարությունը տանել չէր կարողանում։ Երկու քույրերի փոքր գանձն էր, բայց փոքր լինելով, իսկական վահան էր նրանց համար, ժայռի պես կանգնած էր քույրերի կողքին, երբեմն այնպիսի տպավորություն էր, որ ինքն է ավագը։ Շատ կատակասեր էր, էնքան սիրուն ժպիտ ուներ, երբ սկսում էր ծիծաղել, իր զրնգուն ծիծաղով վարակում էր բոլորին։ Շատ նրբանկատ էր, նույնիսկ պարզ երևույթների մեջ այնպիսի գեղեցկություն էր նկատում, որ պարզապես ապշում էիր։ Հավատարիմ ընկեր էր, իր ընկերները կարծես յուրահատուկ ընտրված լինեին։ Ընկերությունը և ընտանիքը իր համար բացարձակ արժեքներ էին: Անվախ էր, զարմանալի էր՝ ինչպես կարող է 19 տարեկան տղան ոչնչից չվախենալ: Իր կյանքի 19 տարիների ընթացքում նա հասցրեց հասնել բազմաթիվ վերելքների»։ 
           
2020թ հունվարի 29-ին մեր քաջ արծիվը զորակոչվեց բանակ և ծառայության անցավ  Սանասարի (Կուբաթլու) 54/122 զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակում: Հենց այստեղ էլ իր առաջնորդի հատկությունները դրսևորվեցին ողջ ուժգնությամբ: Հայրենիքի համար ծառայում էր մեծ սիրով ու նվիրումով: Էրիկը բանակային կյանքին շատ շուտ հարմարվեց, երբեք ոչ մի բանից չէր դժգոհում: Մեծ ոգևորությամբ պատմում էր իրենց առօրյայի, զորավարժությունների, գրանցած հաջողությունների և բարձր արդյունքների մասին, որոնց համար էլ արժանացել էր պատվոգրերի և կրծքանշանների: Բանակում վայելում էր ինչպես հրամանատարների, այնպես էլ ծառայակից ընկերների սերն ու հարգանքը:    

Սեպտեմբերի 20-ին 8 ամսվա  երկարատև բաժանումից հետո, կայացավ Էրիկի և իր ընտանիքի հետ շատ երկար սպասված հանդիպումը: Այդ օրը ամենաերջանիկ օրերից մեկն էր Եղիազարյանների համար և, դժբախտաբար՝ վերջինը:
         
Սեպտեմբերի 27-ին ողջ հայ ազգը արթնացավ աղետաբեր բոթից: Էրիկը և իր զինակից ընկերները ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից տեղափոխվել էին Ջրական (Ջաբրաիլ)՝ մարտական գործողությունների հարավային թև, որտեղ ընթացել են ամենաթեժ ու ամենածանր մարտերը: Պատերազմի ընթացքում Էրիկը զանգեց 3 անգամ: Երբ խոսում էր՝ զարմանալիորեն ուրախ էր և ոգևորված, կարծես պատերազմի դաշտում չլիներ:         

Կամավորական Վահե Մինասյանը պատմում է, որ Էրիկը իրենց ուրախությունն էր: Ամենասարսափելի վարկյաններին, երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացել է, երբ երկնքից ռումբերի կարկուտ էր տեղում և չկար փրկության ոչ մի հույս, Էրիկը կատակում էր ու իր հումորներով գոտեպնդում զինակից ընկերներին: Ես չէի կարողանում հավատալ իմ աչքերին, Էրիկը կռվում էր գազազած առյուծի նման: Նա շարունակում էր կատաղի մարտեր մղել՝ նույնիսկ հասկանալով և գիտակցելով թշնամու քանակական առավելությունն ու տեխնիկական գերհագեցվածությունը: Կամավոր գնում էր կռվի ամենաթեժ ու ամենածանր հատվածներում, որտեղ կենդանի մնալու ոչ մի  շանս չկար: Մեզանից տարիքով փոքր լինելով, թույլ չէր տալիս գլուխներս բարձրացնեինք խրամատից, ինքն էր առաջինը բարձրացնում ու կրակ վարում: Եթե Էրիկը մեզ հետ էր, հրամանատարներին դիմելիս նույն պատասխանն էինք ստանում, Էրիկը ոնց կասի այնպես էլ կանեք: Կատաղի մարտերից մեկի ժամանակ ես վիրավորվեցի ու գլորվեցի թշնամու կողմը, վիրավոր էի և չէի կարողանում շարժվել, այդ ժամանակ հասկացա, որ ապրելու ոչ մի շանս չունեմ: Երբ գլուխս բարձրացրեցի տեսա, որ զինվորներից մեկը վազում է իմ կողմը՝ այդ զինվորը Էրիկն էր: Նա ինձ դուրս հանեց և բերեց իր ապաստարան, որի անունը «բուն» էր դրել, հետո ջրով շփեց դեմքս և ասաց՝ «մի վախեցի դու կապրես»: 10 րոպե անց այն վայրը, որտեղ ես վիրավոր ընկած էի սկսեցին ռմբակոծել «գրադ» կայանքներով: Ես ապրելու երկրորդ հնարավորությունը ստացա Էրիկի շնորհիվ, բայց,երբ ապաքինվեցի և հետ գնացի, որ գտնեմ նրան արդեն չափազանց ուշ էր, Էրիկը անմահացել էր:

Հոկտեմբերի 8-ին կամավոր 40 քաջերի հետ Էրիկը բարձրացել էր Մեխակավանի ռազմավարական հատուկ նշանակության բարձունքը պաշտպանելու և անմահացել էր կռվի ժամանակ: 3 օր լուր չունենալով Էրիկից՝ հոկտեմբերի 9-ին ընտանիքը ստացավ սարսափելի բոթը:
 
Մեր քաջ արծիվը  հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով: Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 452+
452+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր