211652_close_icon
views-count1042 դիտում article-date 15:00 06-04-2023

«Խիստ միջոցներ են նախատեսված». Ռուստամ Բադասյանը հորդորեց խստիվ պահպանել կանխիկի սահմանափակումները

Կառավարության նիստի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձավ անկանխիկի կանոնակարգումներին և կանխիկի սահմանափակումների շրջանակներում Կառավարության ձեռնարկած միջոցառումներին:

«Հիշում եք, որ օրենքի ընդունումից հետո ունեինք 40 հազար 940 սուբյեկտ, որոնց մոտ ՀԴՄ-ների վրա ակտիվացված չէին POS տերմինալները, և այսօր ԿԲ-ի հետ համագործակցության արդյունքում մոտ ենք 100 տոկոս ցուցանիշին, որտեղ POS տերմինալներն ակտիվացած են: Ընդամենը չնչին հատվածն է, որ վերջնական միջոցառումներ չի ձեռնարկել: Բոլորի նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն, որպեսզի օրենքի պահանջը վերջնականապես իրականացվի:

Կանխիկի սահմանափակումները ոչ միայն ՀԴՄ-ների միջոցով կատարվող գործարքների նկատմամբ են կիրառվում, այլ նաև խոշոր գործարքների:

Վերջին շրջանում ՊԵԿ-ը այդպիսի հսկիչ գնումներ էլ է անում՝ սկսած բնակարաններից, նաև այլ ծրագրեր ունենք»,- ասաց նա:

Բադասյանը հորդորեց խստիվ պահպանել կանխիկի սահմանափակումները, հակառակ դեպքում, հիշեցրեց, օրենսդրության բավականին խիստ միջոցներ են նախատեսված:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց. «Մենք տեսնում ենք միտումներ, երբ բնակարանների առքուվաճառք է տեղի ունենում՝ կանխիկի սահմանափակումները շրջանցելով: Նրանք այդպիսով իրենց սեփականությունը ռիսկի տակ են դնում: Վաղը կարող են այդ գործարքները ինչ-ինչ հանգամանքներում առ ոչինչ ճանաչվել: հետո գալու են կառավարության դիմաց ակցիաներ են անելու, ասելու են՝ մենք փողը տվել ենք, տունը ձեռք ենք բերել»:

Նմանատիպ նյութեր