211652_close_icon
views-count20123 դիտում article-date 22:02 12-04-2023

Արարատի մարզում ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է միմյանց նկատմամբ հաշվեհարդարը. կռվի բոլոր մասնակիցները դեպքի վայրից բերման են ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 9-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգավան գյուղում՝ ժողովրդին հայտնի «Պրոֆշին»-ի մոտ, կրակոցներ են հնչել: 

Նշված վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը: 

Ժամանել է նաև Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Բադալյանը: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված գյուղի Գարգին Նժդեհի փողոցում, նույն գյուղի բնակիչներ 57-ամյա Մհեր Ա.-ն, 59-ամյա Սլավիկ Ա.-ն, 33-ամյա Արմեն Ս.-ն, 40-ամյա Էդուրադ Մ.-ն, 41-ամյա Անդրանիկ Թ.-ն, 33-ամյա Ազատ Ա.-ն և 32-ամյա Գագիկ Բ.-ն վիճաբանել են միմյանց հետ, աղմկել, որի ընթացքում տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:

Ոստիկանները տաք հետքերով կռվի մասնակիցներից բոլորին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև արդյոք խուլիգանության ժամանակ կրակոցներ եղե՞լ են, թե՞ ոչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր