211652_close_icon
views-count40094 դիտում article-date 21:18 17-04-2023

Նոր մանրամասներ Արարատի մարզում հայտնի գործարարի եղբոր որդու մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհից. պարզվել է մահացածի ինքնությունը, վիրավորներն էլ հայտնի գործարարի ազգականներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ապրիլի 14-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mersedes 222 մակնիշի ավտոմեքենան վարել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Արտակ Արսենյանը, իսկ VAZ 2121-ը վարել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, 28-ամյա Կարեն Հակոբյանը:

Վթարի հետևանքով վերջինս տեղում մահացել էր, իսկ Ա. Արսենյանը «մարմնի բազմաթիվ քերծվածքներ, ձախ բազուկոսկրի կոտրվածք, աջ ծնկան հոդի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, իսկ նրա ուղևոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչ, 18-ամյա Գևորգ Արսենյանը «դեմքի քերծվածքներ, որովայնի բութ վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նախորդ հրապարակմամբ, երբ հայտնել էինք, որ Mersedes-ը պատկանում է հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատերերից Աշոտ Արսենյանի եղբոր որդուն՝ Անդրանիկ Արսենյանին, հաստատվել է: Իսկ վիրավոր Գ. Արսենյանը վարորդ Ա. Արսենյանի տղան է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 14-ին ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել էին Mercedes 222 մակնիշի և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ էր բռնկվել, Niva-ն էլ գլխիվայր շրջվել էր։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները մարել էին Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի։ 

Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ մի քանի հոգի տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ էր գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու համար տեսուչներ Արսեն Մարտիրոսյանը, Նշան Հակոբյանն ու Սահակ Թադևոսյանը տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեին, ինչը ճանապարհային ոստիկաններին հաջողվել էր։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 231+
231+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր