211652_close_icon
views-count949 դիտում article-date 11:02 19-04-2023

Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.

«Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով: Հայաստանի եզդիական համայնքն իր աշխատանքով, քաղաքացիական նվիրվածությամբ, ազգային ավանդույթների նկատմամբ իր նախանձախնդրությամբ արժանացել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և պետական ինստիտուտների հարգանքին: Հայաստանի կառավարությունը եզդիական համայնքին աջակցում է կրթության, ազգային մշակույթի և լեզվի, ավանդույթների պահպանման և այլ հարցերում ու շարունակելու է աջակցել:

Սիրելի՛ բարեկամներ, վստահ եմ, որ ձեր գալիք սերունդները ևս հավատարիմ կլինեն քաղաքացիական գիտակցությանը և ազգային ավանդույթներին՝ հարստացնելով Հայաստանի Հանրապետության բազմամշակութային ներկապնակը: Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ, արգասաբեր՝ նոր ու արդյունավետ ծրագրերի նախագծման և իրագործման տարի»:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ։ Թող Նոր տարին եզդի մեր հայրենակիցների և աշխարհասփյուռ եզդի ժողովրդի համար նշանավորվի խաղաղությամբ և շարունակական ձեռքբերումներով: Հայ և եզդի ժողովուրդների միջև պատմական և մշակութային առնչությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Մեր ժողովուրդների հարաբերություններին բնորոշ են փոխադարձ աջակցությունը, միմյանց նկատմամբ սրտացավությունն ու համակրանքը, դժվարությունները միասին հաղթահարելու ձգտումը։

Հայաստանի եզդիական համայնքն այսօր էլ, պահպանելով իր հոգևոր և մշակութային ժառանգությունը, ներգրավված է Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում՝ իր ավանդն ունենալով մեր երկրի շենացման գործում: Համոզված եմ, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի՝ հիմնվելով ձևավորված ավանդույթների վրա»: 

Նմանատիպ նյութեր