211652_close_icon
views-count50992 դիտում article-date 22:31 19-04-2023

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները «մի պարեկի չափ էլ չկան». աղմկահարույց կռվի մասնակիցներից գլխավորներին մինչև այժմ չեն հայտնաբերել, ինչը ծիծաղ է առաջացնում անգամ «Զվարթ» մանկապարտեզի երեխաների մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր օր.-ի 195 հոդվածի 1-ին մասի (ֆիզիկական ներգործություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 16-ին, Երևանում՝ Աշտարակի խճուղում, տեղի ունեցած ավտովթարից հետո մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Պարզվել է, դեպքի վայրում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից օպերատիվորեն ժամանելու արդյունքում դեպքի վայրից ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչներ 44-ամյա Արսեն Պետրոսյանը, 44-ամյա Հակոբ Հակոբյանը, 39-ամյա Արամ Ավետյանը, 44-ամյա Արտյոմ Ավետյանը, 40-ամյա Ալեքսեյ Ավետյանը, 37-ամյա Համբարձում Հակոբյանը և 49-ամյա Արմեն Ավետիսյանը: 

Պարզվել է նաև, որ վթարված ավտոմեքենաների վարորդները եղել են Ա. Ավետիսյանն ու Ա . Ավետյանը, որոնց միջև ավտովթարից հետո առաջացել է վիճաբանություն, ապա այն վերածվել  «մի կաթիլ մեղրի» պատմություն: Ժամանած «ախպերությունն» ու «կտրիճ տղերքը» շարունակել են խուլիգանական դրդումներով ծեծկռտուքը՝ անհարգալից վերաբերմունք ցուցեբերելով հասարակության նկատմամբ: 

Երբ պարեկները նշված անձանց բռնեցին ու տեղափոխեցին ոստիկանություն, մի քանիսը, ովքեր հիմնականում ակտիվ մասնակցություն են ունեցել ծեծկռտուքին, տեսնելով պարեկներին Սասնա էպոսի հերոսներից մեկի՝ Ցռան Վերգոյի նման դիմեցին փախուստի, իսկ երբ արդեն կրքերը հանդարտվել էր ու պարեկները իրենց վերահսկողության տակ էին վերցրել իրավիճակը ու կարգավորվել էր երթևեկությունը, դեպքի վայր ժամանեցին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները՝ համայնքային ոստիկանները ու քրեական հետախույզները  խոստացան, որ այդ փախուստի դիմողներին բռնելու համար իրենց 1 ժամը բավական է: 

Օպերները ասում էին, թե անգամ եթե նրանց թիկունքը լինի ինչ-որ Զվարթիչ ու իրենք իրենց հույսները դնեն Գաբրիել Հրեշտակի վրա, միևնույնն է՝ բռնելու են: Ցավոք, արդեն անցել է մի քանի օր, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները չեն կարողում հայտնաբերել նրանց և իրենց արարքը պատճառաբանում են նրանով, թե «քննչականը թող «դաբրոն» տա, գնանք բռնենք»:

Այստեղ են ասում՝ «Այսքան Զվարթ կյանքը մեզ, Գաբրիել Հրեշտակն է տվել»: Թե ինչո՞ւ պետք է քննչականը «դաբրո» տա, երբ նրանք իրենց գործը հստակ կատարում են, իսկ որ քննիչների ֆունկցիայի մեջ չի մտնում կասկածյալին բռնելը, դա անգամ գիտեն Հանրապետությունում հայտնի «Զվարթ» մանկապարտեզի սաները: Ստացվում է, Պարեկային ծառայությունն ավելի օպերատիվ գործեց, քան Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները: 

SHAMSHYAN.com-ը հատուկ քրեական հետախույզների համար ներկայացնում է կռվի հիմնական մասնակիցներից 4 «հերոսների» լուսանկարները և գուցե դրանից հետո Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները կարողանան գտնել նրանց: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 16-ին, մի «կաթիլ մեղրի պատմություն» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ից 11։10-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում մոտ 20-ից ավելի երիտասարդներ ճանապարհը փակել ու խուլիգանության դրդումներով, բառիս բուն իմաստով, ինչպես ժողովուրդն է ասում՝ իրար հայհոյելով, «սամասուդ» էին անում։ Պատճառը եղել էր 2 մեքենաների բախումը, ինչի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։ Ու վթարից հետո իրենց առյուծ կտրող համարող տղամարդիկ ու երիտասարդները ավտոմեքենաներից իջել էին, ապա նրանց միացած «ախպերությունը» սկսել էին իրար ծեծի ենթարկել։ Երթևեկությունը կաթվածահար էր եղել։ 

Օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, դեպքի վայրում կարողացել էին խուլիգանություն կատարող՝ ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկել, սակայն մի քանիսը, տեսնելով պարեկների ավտոմեքենաները մոտենում են, դիմել էին փախուստի։

Հավաքվածները նախատինքի խոսքեր էին ուղղում այդ կռվի մասնակիցներին, ասելով, որ եթե էդպես առյուծ կտրող եք, այսօր կարիք կա սահմանը պահելու։ Մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Mercedes-ն ու Mazda-ն թեթև բախվել էին իրար։ Իջան ու 1 րոպեի չափ իրար հետ խոսեցին։ Մեկ էլ էն տեսնենք՝ լիքը տարիքով մարդիկ ու ջահելներ հավաքվեցին, ու գանց․․․ շունը տիրոջը չէր ճանաչում։Լավ էր՝ կապնվեցինք Ոստիկանություն, ու 1 րոպե չանցած՝ ահագին պարեկներ եկան։ Ճիշտ է՝ պարեկներին տեսան՝ մի մասը թռան, բայց մի մասին պարեկները հասցրեցին «կանդալել»։ էս կռվի մասնակիցների տեղը մենք ենք ամաչում։ Թուրքն ու ադրբեջանցին սահմանին իրենց սև գործն են անում, իսկ էստեղ իրենց լավ տղու տեղ դրած անամոթները առյուծ են կտրում»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 298+
298+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր