211652_close_icon
views-count80138 դիտում article-date 17:38 26-05-2023

Ոստիկանության Մաշտոցի քրեական հետախույզները հերթական անգամ փայլեցին իրենց պրոֆեսիոնալիզմով․ հայտնաբերել են թաղապետի օգնականի վրա կրակոցներ արձակողին և BMW X5-ը, որով որ եկել էին դեպքի վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Սարգիս Ս․-ի և 37-ամյա Արայիկ Գ․-ի նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշում է կայացրել Սարգիս Ս․-ի նկատմամբ միջնորդությունը բավարարել, տալով 2-ամսյա կալանքի որոշում, իսկ Արայիկ Գ․-ն դատարանից ազատ է արձակվել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված անձինք կասկածվում են մայիսի 19-ին Երևանում Բաշինջաղյան 166 հասցեի մոտ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնական Կորյուն Մխիթարյանի ավտոմեքենայի ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ պատճառներից մեկն այն է, որ թաղապետի օգնականը շաբաթներ առաջ իր ընկերների հետ Քասախ գյուղում դաժան ծեծի է ենթարկել 1 հոգու, քանի որ ցանկացել է նրան պատկանող հողը խլել։ Եվ թաղապետի օգնականն իր ընկերների հետ գնացել է Քասախ գյուղ ու այնպես են ծեծի ենթարկել այդ քաղաքացուն, որ նա ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։ Սակայն ծեծված քաղաքացին իրավապահներին չի դիմել, քանի որ նպատակահարմար է գտել նախ լուծել իր առողջական խնդիրները։ Ապա արդեն կրակոցների օրը BMW X5 և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաներով եկել են Բաշինջաղյան փողոց, ու երբ թաղապետի օգնականը իր տանից դուրս է եկել, կրակել են նրա ավտոմեքենայի ուղղությամբ։

Իրավապահներն ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ թաղապետի օգնականի կողմից նույնպես կրակոցներ են հնչել, սակայն այդ տեղեկությունը օպերատիվ ճանապարհներով պարզվում է։ 

Այն քաղաքացին, որին թաղապետի օգնականը ընկերների հետ ծեծի է ենթարկել, բնութագրվում է դրական, նույնիսկ ասում են, որ «հավին անգամ քշա չի ասել»։ Մինչդեռ թաղապետի օգնականի վերաբերյալ կարծիքները հակասական են՝ բնութագրում են և՛ դրական, և՛ բացասական։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարան տեղափոխված կասկածյալներին հայտնաբերել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ։ Նրանց կողմից կատարվել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ճիշտ և գրագետ գործողություններ, պարզել են կասկածյալների տեղաշարժն ու նրանց գտնվելու վայրերը, ապա նրանց հարազատների հետ անցկացրել են բացատրական աշխատանքներ։ Ու երբ կասկածյալները տեսնում են, որ չեն կարող խուսափել ոստիկաներից, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում՝ ոստիկանները ելել են իրենց հետքի վրա, ինքնակամ ներկայանում են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ոստիկանները նրանց ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ 

Հանցագործության բացահայտումը ղեկավարել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

BMW X5-ը ոստիկանների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանն ու Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Ոստիկանները դեպքի վայրում հայտաբերել են ինքնաձիգից արձակված 2 պարկուճ։ Նրանք սահմանազատել են տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վահե Խանզադյանի, Ռազմիկ Մինասյանի և Սուրեն Աբովյանի գլխավորությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, մեզ հետ զրույցում նշեցին, որ վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանն է, սակայն Գ․ Շամշյանի տեղեկություններով նա ոչ թե թաղապետի տեղակալն է, այլ թաղապետի օգնականը։

Դեպքի փաստով Է․ Բալոյանի որոշամբ ստեղծվել է քննչական խումբ, և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին քննչական խմբի հետ աշխատանքներ են կատարում դեպքի վայրում։

Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները մոտ 500 մետր հեռավորության վրա՝ Պարսեղովի փողոցում, հայտնաբերել են Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակու վրա առկա է կրակոցի 3 հետք, վարորդի և նրա հետևի, ինչպես նաև բեռնախցիկի  ապակիները կոտրված են, իսկ աջ կողմի ապակիների վրա առկա են «բոթասի» հետքեր։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր