211652_close_icon
views-count2650 դիտում article-date 19:50 20-04-2023

«Ձեր հաղթանակը պետության հաղթանակն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵԱ-ի և ԱԱ-ի մեդալակիր մարմնամարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք օրերս մեդալներով վերադարձել են Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդների և Եվրոպայի մեծահասակների առաջնություններից:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է վերջին հաջողությունների առթիվ և նշել՝ մարզիկների հաղթանակները շատ ոգևորիչ են և պետության համար մեծ արժեք են ներկայացնում:

«Չեք էլ կարող պատկերացնել, թե ձեր հաղթանակներով և լավ ելույթներով որքան եք ոգևորում բոլորիս: Համարում եմ, որ ձեր հաղթանակները միայն անձնական նվաճումներ չեն. դրանց շնորհիվ դուք ներկայացնում եք պետություն, բարձրացնում եք երկրի դրոշն ու հնչեցնում օրհներգը: Ձեր հաղթանակը նաև պետության հաղթանակն է: Այս օրերին, երբ մենք անընդհատ բախվում ենք նոր մարտահրավերների, խնդիրների և դժվարությունների, սպորտն այն ոլորտն է, որը նաև մեր ժողովրդին է ոգևորում: Իսկապես, շատ ենք հպարտանում ձեր հաղթանակներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ հատկապես ոգևորիչ է, որ մեր երկրի հիմնը հնչում է նաև այն երկրներում, որտեղ դա մեզ համար առանձնահատուկ կարևոր է և խորհրդանշական:

Ժաննա Անդրեասյանը նաև փաստել է, որ մարմնամարզության երբեմնի լավ ավանդույթներն ու լեգենդար անուններն այսօր վերականգնվում են.

«Պետության պարտքը պետք է լինի հասկանալ, թե ինչպես կարող ենք ավելի խրախուսել, որպեսզի դուք ունենաք բոլոր անհրաժեշտ պայմանները և կենտրոնանաք ձեր մարզումների, առաջիկա մրցաշարերի և մրցելույթների վրա: Պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի դուք լավ տրամադրությամբ մեկնեք մրցումների և նոր հաղթանակներ գրանցեք: Ձեր հաղթանակներից հետո մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն ունեցող տղաների և աղջիկների թիվն ավելանում է, ինչը շատ կարևոր է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի վերջին հաղթանակին, նշել է՝ Դավթյանն իր բազմաթիվ մեդալներով ապահովում է այն որակական շեմը, որին պետք է ձգտեն ավելի երիտասարդ մարզիկները.

«Դուք մեզ սովորեցրել եք մշտապես սպասել հաղթանակների և մեդալների: Թե՛ Դուք, թե՛ Վահագնը, առանձնանում եք կայուն մրցելույթներով և շարունակական առաջընթացով: Շատ ուրախ եմ, որ երիտասարդ սերունդը ևս այսքան լավ և ոգևորիչ արդյունքներ է գրանցում»:

ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ կարևոր է, որ Երևանում 2027 թվականին կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում երկրպագուները կկարողանան մեր երկրում հետևել հայ մարմնամարզիկների մրցելույթներին: Ժաննա Անդրեասյանը մարմնամարզիկների գրանցած աննախադեպ արդյունքների կապակցությամբ շնորհակալություն է հայտնել նաև մարզիչներին՝ կատարած անգնահատելի աշխատանքի համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարմնամարզիկներին և կարևորել նրանց կայուն հաջողությունները. «Եթե մի քանի տարի առաջ մենք ունենում էինք առկայծումներ ու անակնկալ հաղթանակներ, ապա այսօր այդ հաջողությունները շատ տրամաբանված են: Դրանց հիմքում ընկած են Հակոբ Սերոբյանն ու իր թիմի անդամները՝ իրենց խանդավառությամբ և նվիրված աշխատանքով»:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ մարզիկները զգում են պետության մշտական աջակցությունը:

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր՝ կապված մարզումային պայմանների, մարզագույքի, ինչպես նաև առաջիկա մրցաշարերին նախապատրաստվելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման հետ:

Մարմնամարզիկների խոսքով՝ պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ սպորտային նպաստների և անվանական թոշակների տեսքով, ստանում են ժամանակին՝ առանց ուշացումների:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դեռևս կան չլուծված խնդիրներ՝ մարզումային պայմանների բարելավման հետ կապված: ԿԳՄՍ նախարարը հավաստիացրել է, որ մարզիկների բարձրացրած հարցերը պետության ուշադրության կենտրոնում են և կստանան համապատասխան արձագանք և լուծում:

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել;

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը հռչակվել էր Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ ոսկե մեդալ նվաճելով հենացատկի վարժությունում: Դավթյանը նաև բրոնզե մեդալ է նվաճել նժույգթափեր վարժությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում:

Ավելի վաղ, հայ երիտասարդ մարմնամարզիկները Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել էին 2 ոսկե և 1 արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում երիտասարդական ԱԱ-ի կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

Նմանատիպ նյութեր