211652_close_icon
views-count3409 դիտում article-date 10:53 21-04-2023

Քաղաքական ակցիաների պատմությունից․ դրսևորվում են երկակի ստանդարտներ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2018 թվականի ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը, մոտենալով խորհրդարանի ամբիոնին, «վառեցին ազատության ջահը»՝ այրվող ծխարձակիչների միջոցով ԱԺ դահլիճում տարածեցին կապույտ ծուխը: Դա, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» եւ ֆեյսբուքահայության կողմից ընդունվեց բուռն հրճվանքով:

Երբ նույն թվականի փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա կեղտաջուր լցնելու մտադրությունը ի ցույց դրեց, նույն այդ շրջանակները առանձնապես չնեղվեցին, եթե ոչ՝ ողջունեցին:

Դրանք քաղաքական ակցիաներ էին: Կարելի է կիսել կամ չկիսել այդ ակցիաներն իրականացնողների հայացքները, կատարման ձեւը նույնպես կարող է դուր չգալ, բայց նման դրսեւորումները խորհրդարանական պրակտիկայում ընդունված երեւույթ են, եւ դրանց մեջ առանձնապես արտառոց բան չկա:

Ճիշտ նույն վերաբերմունքն ունեմ Թագուհի Թովմասյանի երեկվա ակցիայի վերաբերյալ: Նրանք, ովքեր ծափահարում էին Լենա Նազարյանին եւ Մարինա Խաչատրյանին, պետք է, ենթադրում եմ, առնվազն ըմբռնումով մոտենային պատգամավորի երեկվա արարքին: Բայց՝ ոչ. այս դեպքում այդ նույն շրջանակները խիստ վրդովված են՝ ինչպե՞ս կարելի է այդպես վարվել հանրապետության թիվ մեկ ամբիոնի մոտ: Եվ որպես բացասական վերաբերմունքի հիմնավորում հնչեցվում է ճամբարափոխության մեղադրանքը: Պետք է ասել, որ այս հարցում նույնպես դրսեւորվում են երկակի ստանդարտներ: Շիրակ Թորոսյանի եւ Սերգեյ Բագրատյանի ճամբարափոխությունը համարվում է միանգամայն բնականոն երեւույթ, իսկ այս մեկը՝ դավաճանություն սկզբունքներին:

Թագուհի Թովմասյանի ակցիային նախորդել էին նույն ամբիոնից վարչապետի մեղադրանքները, որոնք, ըստ ամենայնի, ուղղված էին հենց այդ պատգամավորի դեմ: Փաշինյանը, հավատարիմ մնալով իր ոճին, քաղաքական բանավեճում ոչ թե քաղաքական փաստարկներ է բերում, այլ աշխատեցնում է «անձնական կոմպրոմատը», իբր, իր նախկին թիմակից պատգամավորներից մեկը իրեն թաքուն ձայնագրել է եւ այդ ձայնագրությունը փոխանցել է Սերժ Սարգսյանին:

Վստահ չեմ, որ դա նույնիսկ տեխնիկապես հնարավոր է անել, բայց ինքնին, նման «փաստարկներ» հնչեցնելը շատ բան է ասում մեր իշխանության բնույթի մասին: Ինչպես եւ՝ խոստովանությունը, որ մարդկանց «բռնում են ականջից եւ դարձնում են պատգամավոր»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր