211652_close_icon
views-count1018 դիտում article-date 19:08 26-04-2023

Հանձնաժողովին է ներկայացվել «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացված մոնիտորինգի արդյունքները

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պետական վերահսկողության լիազորությունների, այդ թվում` օրենսդրության կիրարկման մոնիտորինգ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, դրա վերաբերյալ զեկույցն ապրիլի 26-ին ներկայացվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին: Ծրագրի փորձագետ Արմեն Խուդավերդյանն անդրադարձել է զեկույցում ներառված առաջարկություններին, դրանց իրացման հնարավորություններին: Զեկուցողը տեղեկացրել է, որ մասնավորապես, առաջարկվել է տեսչական մարմինների տեսուչների բարեվարքությունը բարելավելու նպատակով անցկացնել վերապատրաստման դասընթացներ:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, կարեւորելով մոնիտորինգի արդյունքները, նշել է, որ զեկույցում ի հայտ են եկել բոլոր Տեսչական մարմիններին առնչվող խնդիրներ:

Նա նպատակահարմար է համարել կազմակերպել քննարկում` Աշխատանքի եւ սոցիալական նախարարության, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի եւ տեսչական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի` կան առաջարկներ, որոնք ընդունելի են եւ վերաբերում են շահերի բախման բացառմանը, տնտեսվարողների մոտ ստուգումների կազմակերպման ժամանակացույցի հստակեցմանը: Որոշ առաջարկների մասով էլ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կա:

Կարեւորելով քննարկումը` հանձնաժողովի նախագահը նշել է, որ նման զեկույցները հնարավորություն են տալիս օրենսդրական փոփոխությունների միջոցով կարգավորել առաջացած խնդիրները:

Նմանատիպ նյութեր