211652_close_icon
views-count1210 դիտում article-date 22:06 28-04-2023

Վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել են բողոքի քննարկման ընթացակարգեր:

ՄԻՊ աշխատակազմում նշված դեպքերով իրականացված ուսումնասիրությունները, քաղաքացիների հետ տեղի ունեցած առանձնազրույցներն ու արդյունքում վերհանված խնդիրները պարունակում են բռնության և ոչ համաչափ ուժի կիրառման առերևույթ դրսևորումների վերաբերյալ մտահոգիչ տեղեկություններ:

Դրանց շրջանակում վերջնական դիրքորոշումն ու արդյունքները հնարավոր կլինի ամբողջական ամփոփել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով իրավասու պետական մարմիններից համապատասխան պարզաբանումներ ստանալուց հետո:
Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար:

Իրավապահ մարմինների բոլոր ծառայողներն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս պետք է դրսևորեն պատշաճ և իրավաչափ վարքագիծ՝ հարգելով քաղաքացիների, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց արժանապատվությունը և երաշխավորելով նրանց հիմնական իրավունքների իրացումը:

Իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն համաչափ, ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր