211652_close_icon
views-count33509 դիտում article-date 09:33 11-05-2023

Ողբերգական ավտովթար Երևանում․ Նորագավիթում բախվել են Ford Transit-ն ու Renault Logan-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 65 տան դիմացի ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ 19-ամյա Գարիկ Ա․-ի վարած Ford Transit և Արմավիրի մարզի բնակիչ 58-ամյա Երվանդ Ս․-ի վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault Logan-ի վարորդ Երվանդ Ս․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 71-ամյա Մարգարիտա Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ- փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ 

Վիրավորներից մեկին դուրս են բերել ավտոմեքենայից, օգտագործելով հատուկ տեխնիկա և նրան մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։ 

Օպերտաիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։ 

Քանի որ ճանապարհը վթարի հետևանքով երթևեկության համար դարձել էր միակողմանի, տեղում ուժեղացված ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Գրիգորյանը և պարեկ Հակոբ Կարապետյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։ 

Քննչական խումբը դեպքի վայրի զննությունն ավարտել էր, երբ հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Երվանդ Ս․-ն ժամը 02։40-ի սահմաններում վերակենդանացման բաժանունքում, գիտակցության չգալով, մահացել է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ford-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Եվ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Renault Logan-ի վարորդը, ով նշված հատվածում փորձել է շրջադարձ կատարել և վթարային իրավիճակ է ստեղծել Ford-ի վարորդի համար, ինչին էլ դարձել է վթարի պատճառ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր