211652_close_icon
views-count922 դիտում article-date 16:42 02-06-2023

ԱՄՆ-ն չի ձգտում ոչնչացնել Ռուսաստանը կամ տապալել նրա ռեժիմը. մեր շահերը ներառում են բարգավաճ Ռուսաստանը. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ն ռուսների թշնամին չէ և երբեք չի ձգտել տապալել Ռուսաստանում իշխանությունը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը 2021 թվականից ի վեր բոլոր ջանքերը գործադրում է Ռուսաստանին «հանգստացնելու համար»։ Այս մասին Բլինկենը խոսել է Հելսինկիի քաղաքապետարանում ունեցած ելույթի ժամանակ, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«2021 թվականին ԱՄՆ-ն ամեն ինչ արել է Ռուսաստանին հանգստացնելու համար, պատրաստակամություն է դրսևորել իրավիճակի լիցքաթափման համար և ձգտել է կանխել սրումը։ Մենք երկու ճանապարհ ենք առաջարկել՝ դիվանագիտություն կամ ագրեսիա։ Վերջինի դեպքում մենք երեք բան ենք խոստացել՝ աջակցել Ուկրաինային, առավելագույն վնասներ առաջացնել Ռուսաստանի համար և ուժեղացնել ՆԱՏՕ-ն։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի, Մեծ յոթնյակի, Եվրամիության և աշխարհի այլ դաշնակիցների հետ մենք համակարգել ենք Ռուսաստանի հնարավոր ներխուժմանը հակազդելու պլաններն ու ռազմավարությունները»,- ասել է նա:

Իր ելույթի ընթացքում Բլինկենը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին. «Միացյալ Նահանգները ձեր թշնամին չէ, «սառը պատերազմի» խաղաղ ավարտից հետո մենք հույս ունեինք, որ Ռուսաստանի Դաշնությունը կունենա լուսավոր ապագա՝ ազատ և բաց կերպով ինտեգրվելու համար ամբողջ աշխարհի հետ։

«Ավելի քան 30 տարի մենք աշխատում էինք Մոսկվայի հետ կայուն հարաբերությունների ուղղությամբ, քանի որ կարծում էինք, որ ազատ և բարգավաճ Ռուսաստանը բխում է ողջ աշխարհի շահերից», - ասել է ԱՄՆ գլխավոր դիվանագետը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնը երբեք ռուսական իշխանությունը տապալելու ծրագրեր չի ունեցել։ Նրա կարծիքով՝ ռուսները պետք է իրենք որոշեն, թե ինչպիսին կլինի իրենց ապագան։

«ԱՄՆ-ն չի ձգտում ոչնչացնել Ռուսաստանը կամ տապալել նրա ռեժիմը։ Ամերիկայի շահերը ներառում են բարգավաճ Ռուսաստանը»,- եզրափակել է նա։

Նմանատիպ նյութեր