211652_close_icon
views-count45180 դիտում article-date 14:46 12-06-2023

Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ՝ Կոտայքի մարզում պարեկների ուժեղացված ծառայությունը քաղաքացիներն անվանեցին «արմագեդոն» օրինախախտների հանդեպ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով՝ այդ օրը Կոտայքի մարզում Պարեկային ծառայությունը իրականացրել է ուժեղացված ծառայություն, որն իր դրական արդյունքն է տվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ա․ Խուդինյանը շարային ստուգատես է կատարել, որին ներկա էին Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Եղվարդի և Կոտայքի մարզն ընդգրկող բոլոր գյուղական համայնքներում ծառայություն կատարող պարեկները։ 

Մինչ պարեկները կանցնեին ուժեղացված ծառայության, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը Ա․ Խուդինյանին զեկուցեց, որ գումարտակը պատրաստ է ծառայության, որից հետո ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ հրամանատարի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ՝ սկսվեց ուժեղացված ծառայությունը։ 

1 օրվա ընթացքում Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են 250-ից ավելի օրինախախտումներ, այդ թվում կազմվել են ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ արձանագրություններ, հայտնաբերել են տեխնիկանան զննություն և ԱՊՊԱ չունեցող մեծ թվով տրանսպորտային միջոցներ, ոչ սթափ վիճակում վարորդներ, ժամկետանց կամ ուժը կորցրած փաստաթղթերով ավտոմեքենաներ վարող վարորդներ, այդ թվում՝ վարորդական իրավունքից զրկված, սակայն տրանսպորտային միջոցը վարած վարորդներ։ Հայտնաբերել են նաև տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները ավտոմեքենաները կայանել են մայթին, մի մասն էլ՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։ Արձանագրություններ են կազմվել նաև տարբեր իրավախախտումների վերաբերյալ։ Հայտնաբերվել են նաև վարորդներ, ովքեր ավտոմեքենան վարելիս միանգամից կատարել են մի քանի խախտումներ, այդ թվում՝ վարել են առանց ամրակապվելու, վարելիս ծխել են, խոսել են հեռախոսով։

Գ․ Շամշյանը հայտնում է, որ պարեկները օգնության ձեռք են մեկնել մոտ 25-ից ավելի վարորդների, երբ պարզվել է, որ նրանց տրանսպորտային միջոցն անսարքություն ունի։ 9 վարորդների և մի քանի ուղևորների էլ պարեկները օգնություն են ցուցաբերել, երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է, պարեկներն իրենց ավտոմեքենաների մեջ պահվող դեղատուփերից օգտագործել են անհրաժեշտ դեղամիջոցներ։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին․ «վեց ամիս է՝ ինչ Կոտայքի մարզում գործում է Պարեկային ծառայությունը։ Թեպետ դա բավականին քիչ է՝ գնահատական տալու նրանց աշխատանքին, բայց որ բնակչության մեծ մասը դրական է վերաբերվում նրանց գործունեությանը՝ դա փաստ է։ Թերությունները կշտկվեն։ Բայց հիմա հստակ է մի բան։ Նրանց ներկայությունը Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Եղվարդում, անգամ գյուղական այնպիսի վայրերում, որտեղ հազարից մեկ են ծառայություն իրականացնում, հիմա իր դրական արդյունքն է տալիս։ Եթե առաջ գիշերները մտավախություն ունեինք, որ բակերից ավտոմեքենաները կթալանեն, հիմա գողերի մոտ վախի մթնոլորտ է ստեղծվել։ Ու գիտեն, որ ողջ գիշեր պարեկները ֆռում են բակերում։ Միակ խնդրանքն այն է, որ գոնե բակեր մտնելիս, լուսային ազդանշանները (միգալկաները) անջատեն։ Բայց հստակ է մի բան՝ մենք գոհ ու շնորհակալ ենք մեր մարզի Պարեկային ծառայությունից։ Առաջընթացը ակնհայտ է։ Անգամ՝ ականտես ենք եղել բազմաթիվ դեպքերի, թե պարեկներն ինչպես են տարեց և անօգնական մեծահասակներին ուղեկցում փողոցն անցնելիս»։

Բնակիչները նաև ասում էին, որ պարեկները մի իսկական «արմագեդոն» արեցին մարզում այն օրինախախտների նկատմամբ, ովքեր մինչ այդ իրենց համարում էին օրենքից վեր։ Բայց պարեկները ապացուցեցին, որ իրենց համար տարբերություն չկա, թե ով է օրինախախտը՝ պետական պաշտոնյա՞, օլիագա՞րխ, թե՞ իրեն քուչի լավ տղա համարող։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 578+
578+

Նմանատիպ նյութեր