211652_close_icon
views-count1180 դիտում article-date 15:35 12-06-2023

Հռոմից Երևան ժամանած քաղաքացու ստամոքսում և հաստ աղիքում հայտնաբերվել է 650 գրամ «Հաշիշ»․ ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, օրերս «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման են ենթարկել Հռոմ-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացուն։

ՊԵԿ-ը հայտնում է, որ ունենալով հիմնավոր  կասկածներ, որ քաղաքացի Մ. Հ.-ն հնարավոր է մարմնում թաքցրել է թմրամիջոցներ, վերջինս ռենտգեն  սարքավորմամբ ենթարկվել է զննության, որից հետո մաքսային հսկողության շրջանակում անհրաժեշտություն է առաջացել քաղաքացու նկատմամբ անցկացվող զննումն իրականացնել բժշկի մասնակցությամբ: Այդ նպատակով  նա «Զվարթնոց» օդանավակայանից  տեղափոխվել է բժշկական կենտրոն, ուր համակարգչային շերտագրման` տոմոգրաֆիայի  արդյունքում պարզվել է, որ  քաղաքացու  ստամոքսում և հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձև օտար մարմիններ, որոնք բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում դուրս են բերվել վերջինիս մարմնից:

Քաղաքացու  մարմնից ընդհանուր առմամբ դուրս է բերվել «հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ հոտով շագանակագույն զանգվածների պարունակությամբ 110 հատ ամբողջական, 16 հատ պատռված և բացված պոլիէթիլենային գնդաձև փաթեթ: Հայտնաբերված «հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 652 գրամ։

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն: Գործին առնչվող նյութերը՝  հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր