211652_close_icon
views-count29984 դիտում article-date 14:00 17-06-2023

Թոշակառու տղամարդը ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ գորգերի լվացման հետ կապված վիճաբանության ժամանակ իրեն և իր դասախոս որդուն ծեծի են ենթարկել և տվել սպանության սպառնալիքներ

Shamshyan.com-ի տեղեկություններով` հունիսի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 71-ամյա Գևորգ Բ․-ն, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում, Բաղյան փողոցում 2 հոգի գորգերի լվացման հետ կապված տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել իրեն և իր 31-ամյա որդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Պողոսյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Գևորգ Բ․-ն հայտնել է, որ իրեն և իր որդուն ծեծողներից մեկը պտուտակահանով սպանության սպառնալիքներ է հնչեցրել իրենց հասցեին, որ կսպանի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գևորգ Բ․-ն հայտնել է, որ ինքը թոշակառու է, իսկ որդին աշխատում է Երևանի Պետական համալսարանում՝ որպես դասախոս։

Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ Գևորգ Բ․-ի հայտնած անձանցից մեկը Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ․ Վ․-ն է, իսկ մյուսը Տավուշի մարզի բնակիչ Արման Ա․-ն։

Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր