211652_close_icon
views-count1279 դիտում article-date 11:55 27-06-2023

Ասել եմ՝ բանակն ինչ ասի, ես «չէ» չեմ ասելու. կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք. Փաշինյան

Ես բանակի առջեւ դրել եմ խնդիր՝ ասեք, թե ձեզ ինչ է պետք եւ դա դուք կունենաք: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասել են, օրինակ, «ՍՈՒ 30 ՍՄ» է պետք, գերժամանակակից ինքնաթիռ: Անդրանիկ Քոչարյանը վերլուծություն է ներկայացրել, թե որքանով են նպատակահարմար այդ ինքնաթիռների ձեռքբերումը: Ես այդ նամակը մակագրել եմ ՊՆ-ին: Ստացել եմ պատասխան, որ քննարկել ենք եւ մեր եզրակացությունն այն է, որ դա մեզ պետք է: Ասել եմ՝ եթե պետք է՝ կունենանք: Էլի՞նչ է պետք, Հակաօդային պաշտպանության միջոցներ, կունենանք: Էլ ինչ է պետք:

Մինչեւ 2020-ի պատերազմի վերջը նույն սկզբունքով եմ առաջնորդվել՝ կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, սնունդ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք: Ասել եմ՝ բանակն ինչ ասի, ես «չէ» չեմ ասելու: Ինչ ուզեցել են, ունեցել են»,-ասաց Փաշինյանը:

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հաստատել է այս տեղեկությունները:

Հարցին, թե արդյոք ռազմական գնումների պլանից դուրս են մնացել ՀՕՊ համակարգերը, որի մասին բարձրաձայնում են ընդդիմադիրները, Փաշինյանը պատասխանեց. «Ընդհակառակը, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պլանով եղել են «ՏՈՌ» համակարգեր, որը մենք ձեռք ենք բերել, բացի դա ձեռք ենք բերել ՕՍԱ- ՕԿԱ համակարգեր, որի շուրջ կան քննարկումներ, թե որքանով է դա մարտունակ: Բայց ես ուզղում եմ ասել, որ 2020-ի հուլիսի դեպքերի ժամանակ իսրայելական արտադրության «Հերմես» մակնիշի անօդաչու խոցվեց: Ինձ զեկուցել են, որ այն խոցվել է հենց ՕՍԱ ՕԿԱ համակարգով»:

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եղել են միջոցներ, որոնք Հայաստանը հնարավոր է՝ ձեռք չի բերել, քանի որ հնարավոր չի եղել ձեռք բերել: «Մի բան է մեր պլանը, բայց վաճառողն էլ ունի իր պլանները»:

Նմանատիպ նյութեր