211652_close_icon
views-count59177 դիտում article-date 12:30 02-07-2023

Բարձիթողի վիճակ Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելում. պարեկներն իրենց հիմնական գործը թողած փոսալցմամբ են զբաղվում, իսկ Տիգրան Ավինյանի հանձնարարականը հասու չէ Կենտրոնի թաղապետի ուղեղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի ավագանու նիստերից մեկի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ, առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններում իշխող կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը խիստ հանձնարարականներ էր տվել վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի մեկ շաբաթվա ընթացքում իրենց վարչական շրջաններում վերացնեն փոսերը: Տ. Ավինյանը ասել էր նաև, որ եթե պետք է, հենց թաղապետերը պետք է փոսերը լցնեն:

Այդ հանձնարարականից մեկ ամիս դեռ չանցած, Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելի մեջ փոսերը մի իսկական պատուհաս են դարձել վարորդների համար, և ոչ միայն փոսերը, այլ նաև արտաքին լուսավորության բացակայությունը:

Միայն այսօր՝ 1 ժամվա ընթացքում, 5 վարորդ այդ փոսերի պատճառով կոտրած տաշտակի առաջ են հայտնվել, անվադողերը պայթել են և երջանիկ պատահականությամբ վարորդները կարողացել են ավտոմեքենան ճիշտ կառավարել, որ վթար տեղի չունենա:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Տիգրան Ավինյանը երևի խոսքից անցնի գործի ու Կենտրոնի թաղապետին էս կիրակի օրով հրահանգի, որպեսզի գա ու էս «աջապսանդալ»-ի վերջը տա: Ով է տեսել՝ 21-րդ դարում մտնես թունել ու էս օրն ընկնես, էն որ ասում են թունելի վերջում լույս ա, էս Կենտրոնի թաղապետի փնթի աշխատանքի արդյունքում ոչ լույս կա, ոչ էլ հույս կա: Չգիտենք՝ ով է փոխհատուցելու մեր վնասները: Մի քանի վարորդներ զահլա չունենալով քաղաքապետարանի ու թաղապետարանի հետ, ավտոքարշակով մեքենաները տեղափոխեցին, բայց գոնե հիմա գան մի բան անեն: Մենակ գոհ ենք պարեկներից, ովքեր 1.5 ժամ է իրենց հիմնական գործը թողած իրենց ավտոներով ավազ են բերում ու փոսերը փակում: Հիմա որ ասենք, թե պարեկները փրկեցին կենտրոնի թաղապետի կաշին, մեզ կմեղադրեն անկողմնակալության մեջ, բայց մենք իրականությունն ենք ասում, քանի որ սեփական մաշկի վրա զգացինք պարեկների օպերատիվ աշխատանքն ու հոգատարությունը, իսկ քաղաքապետարանի թեժ գիծն էլ զանգում ենք, կարծես այնտեղի աշխատողները Խաչատուր Աբովյան դարձած լինեն, հենա մի քիչ ներքև էլ, կակռազ, Խաչատուր Աբովյանի պուրակն է»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում փոսալցման աշխատանքներ և ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի​ պարեկներ Արման Սիրեյանը, Տիգրան Հարությունյանը և Գևորգ Մնացականյանը, ովքեր նաև հորդորում են վարորդներին, որպեսզի նշված ճանապարհով չգերազանցեն սահմանված արագությունը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր