211652_close_icon
views-count49546 դիտում article-date 17:44 10-07-2023

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Mitsubishi Pajero-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում, Իշխանասարի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիանի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու «Սիսիանի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարրաները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն ու տեղում հերթապահություն իրականացրել։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Լուսնակարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր