211652_close_icon
views-count51130 դիտում article-date 20:48 17-07-2023

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է գազալցակայանի բետոնե սյանը. 6 հոգու, որից 2-ը երեխաներ են, օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցներն ու «Սպիտակ»  բժշկական կենտրոնի բժիշկները, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի՝ «Մեծ-Պարնի» գազալցակայանի մոտ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Արտակ Ա.-ն, 59-ամյա Գայանե Մ.-ն, 14-ամյա Սարգիս Ա.-ն, 19-ամյա Մարգարիտա Ա.-ն, 40-ամյա Գայանե Գ.-ն և 11-ամյա Քրիստինե Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Արտյոմ Զարգարյանն ու կրտսեր պարեկ Տարոն Մանասերյանը:

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գխավորությամբ:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր