211652_close_icon
views-count847 դիտում article-date 12:42 19-07-2023

Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո․ «Արմենպրես»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որը մի քանի օրից ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հավատացնում է՝ երբեք չի մոռանա այս երկիրը, որի ժողովուրդն իրեն տպավորել է իր տոկոնությամբ, ապագայի ծրագրեր կազմելու ունակությամբ՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակի: Դեսպանը շեշտում է՝ անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ֆրանսիան՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, կշարունակի անել հնարավորը՝  բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Անն Լույոն խոսել է ադրբեջանական ագրեսիայի, Լեռնային Ղարաբաղի հայերի կրած դժվարությունների, հայ-ֆրանսիական հարաբերություններում վերջին 2 տարում գրանցված առաջընթացի, ժամանակից շուտ իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու և դրա պատճառների մասին:

-Տիկին դեսպան, այս ընթացքում Դուք եղել եք նաև սահմանամերձ շրջաններում, Սյունիքում այցելել եք նաև Ադրբեջանի թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին, այսինքն՝ անձամբ եք ականատես եղել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքներին: Որպես միջազգային հանրության անդամ՝ ի՞նչ գնահատական ունեք Ադրբեջանի այս վարքագծի վերաբերյալ, ըստ Ձեզ՝ միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի այս պարագայում և արդյոք ներկայիս արձագանքը Ձեզ գոհացնո՞ւմ է:

-Իրականում այցելել եմ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումներից տուժած գյուղեր՝ Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում և կարողացել եմ ականատես լինել խաղաղ բնակչությանը հասցված տառապանքին, որին ցանկանում էի հայտնել իմ համերաշխությունը։

Ֆրանսիան աջակցում է այս ուղղությամբ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից գործադրվող հետևողական ջանքերին։ 2023 թ. հունվարի 23-ին ձևավորված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը դիտորդական աշխատանքների միջոցով նպաստում է սահմանամերձ շրջաններում խաղաղ գործընթացին։ Այս դիտարկումների արդյունքը նպաստում է ԵՄ-ի միջնորդական ջանքերին, սակայն մենք պետք է էլ ավելի ուժեղացնենք ջանքերը, որպեսզի հարգվեն տարածքային ինքնիշխանությունը և մարդկանց իրավունքները:

Մեր երկու կառավարությունների, նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ամենաբարձր մակարդակով սերտ և մշտական ​​խորհրդակցությունն արտացոլում է մեր հանձնառությունը և ցանկությունը՝ ընդլայնելու միջազգային հանրության աջակցությունը հանուն արդար և տևական խաղաղության։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

-Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը, արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախի հայությունը հումանիտար ճգնաժամի է բախվել: Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այսօր փաստացի չի գործում, սակայն, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան այդ խմբի համանախագահ է,  ի՞նչ դերակատարում կարող է ունենալ խնդրի լուծման համար: Դուք անձամբ ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը:

-Դեկտեմբերից ի վեր դատապարտել ենք Լաչինի միջանցքի արգելափակումը, որը լրջագույնս վնասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ ենք արել կիրառել միջանցքով երթևեկության վերականգնման մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ողջունում ենք ԿԽՄԿ-ի ջանքերը՝ նվազեցնելու արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հետևանքները, սակայն անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում համաշխարհային անկայունության համատեքստը չի հեշտացնում աշխատանքը, սակայն մենք շարունակում ենք մոբիլիզացված մնալ։

Այդ նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդի նիստեր են հրավիրվել 2022 թ. սեպտեմբերին և  դեկտեմբերին: Ֆրանսիան, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված,կշարունակի անել հնարավորինը՝ ապահովելու առաջընթաց բանակցային գործընթացում։

-Տիկին դեսպան, ամփոփելով Ձեր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում՝ այս երկու տարիների ընթացքում Հայաստանում Ձեզ ամենաշատն ի՞նչն է տպավորել:

-Հայաստանում նշանակվելը առանձնահատուկ կարևորություն ունի ֆրանսիացի դիվանագետի համար՝ շնորհիվ  մեր երկու ժողովուրդներին միավորող հնագույն կապերի, որոնք, ըստ Անատոլ Ֆրանսի խոսքերի, պատկանում են «միևնույն ընտանիքին»։ Գալիք տարի ծագումով հայ և սրտով ու համոզմունքով ֆրանսիացի Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփումը պանթեոնում խորհրդանշում է մեր երկու ժողովուրդների մտերմությունը:

Ինձ հատկապես տպավորել է հայ ժողովրդի տոկունությունը, ապագայի ծրագրեր կազմելու ունակությունը՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի արդյունքում ստեղծված դժվարին իրավիճակի: Մեծապես գնահատում եմ հայերի բացառիկ հյուրընկալությունը, իրենց պատմությանն ու հիանալի ժառանգությանը կապված լինելը, ինչպես նաև այլ մշակույթների և հավատքների նկատմամբ բաց լինելը: Հայ ժողովուրդը կարող է կապող օղակ հանդիսանալ նույնիսկ երբեմն հակադիր շահեր ունեցող երկրների միջև։ Սա կարևոր հատկություն է, որին հուսով եմ՝ հավատարիմ կմնա։

-Եվ վերջում, տիկին դեսպան, Դուք ժամանակից շուտ եք ավարտում  Ձեր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, Ֆրանսիան արդեն նոր դեսպան է նշանակել: Դեսպանությունից պարզաբանել էին, որ  Ձեր պաշտոնից շուտ հեռանալը պայմանավորված է անձնական պատճառներով, սակայն, քանի որ այս թեմայով պտտվում են տարբեր խոսակցություններ, այդ թվում, թե Ձեզ հետ են կանչել, կխնդրեմ պարզաբանեք, թե ինչո՞ւ եք 1 տարի շուտ հեռանում Հայաստանից, արդյոք դա բացառապես Ձե՞ր որոշումն է եղել:

-Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված անկայունության մթնոլորտում ապատեղեկատվությունը մեկն է այն զենքերից, որը լայնորեն կիրառվում է ժողովրդավար պետությունների դեմ: Հայաստանում Ֆրանսիայի հանձնառությունը, հավանաբար, դժգոհության տեղիք է տալիս, ինչն էլ կարող է բացատրել մեր գործունեության, իմ անձի և Հայաստանում ֆրանսիական այլ ձեռնարկությունների ներկայացուցիչների մասին շրջանառվող կեղծ տեղեկատվությունը։

Իմ անձի շուրջ ասեկոսեները լոկ զրպարտություն են, որը քրեորեն հետապնդելի է օրենքի գերակայության պայմաններում։ Ուստի, բողոք եմ ներկայացրել՝ թողնելով, որ  արդարադատությունը գործի և վճիռ կայացնի:

Տխուր եմ, որ անձնական և ընտանեկան նկատառումներից ելնելով՝ լքում եմ Հայաստանը հագեցած և անչափ հարուստ երկու տարիներից հետո։ Ես այստեղ թողնում եմ շատ ընկերներ և հեռանում լավագույն հիշողությամբ: Հավատացած եղեք՝ ես չեմ մոռանա ձեր երկիրը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր