211652_close_icon
views-count50440 դիտում article-date 20:15 21-07-2023

Ավտովթար Գագարին ավանում․ բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. վերջինը կոտրել է երկաթբետոնե արգելապատնեշներն ու մոտ 50 մ գլորվելով հայտնվել դաշտում. վիրավորին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Գեղարքունիքի  մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհին՝ Գագարին ավանի վարչական տարածքում,  դեպի Երևան ընթանալիս, բախվել են 48-ամյա Մխիթար Վ.-ի վարած Mercedes մակնիշի և 27-ամյա Հակոբ Թ.-ի վարած Volkswagen Vento  մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք  և մոտ 50 մ գլորվելով հայտնվել դաշտում: 

Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն  են ցուցաբերել:

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու  տեղում իրականացրել հերթապահություն: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, նույն գումարտակի տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ:

Տարածքը նույն վաշտի ավագ պարեկ Հմայակ Թադևոսյանն ու կրտսեր պարեկ Սերգեյ Մխիթարյանը սահմանազատել են և տեղում իրականացնում են ուժեղացված ծառայություն, քանի որ հետաքրքրասեր վարորդները փորձում են ավտոմեքենաները կայանել մայրուղում, ինչը խոչընդոտ է հանդիսանում երթևեկությանը: Պարեկներին հաջողվում է տարածքից հեռացնել այդ «վայ վարորդներին»:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխնացել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչ Մարիամ Հակոբյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում  նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր