211652_close_icon
views-count1069 դիտում article-date 14:04 25-07-2023

Հին աշխարհակարգը, ըստ էության, գոյություն չունի. ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ոչ ոք չգիտի. Փաշինյան

Միջազգային եւ աշխարհաքաղաքական  իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված եւ անկայուն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աշխարհակարգը, որ համարվում էր այդ թվում մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի: Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը,  ոչ ոք չգիտի: Նոր  աշխարհակարգի ձեւավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են ու աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները՝ տեսանելի եւ իրական:

Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են եւ Արեւելք-Արեւմուտք մեզ համար վանդական բանաձեւերը բավարար չափով չեն գործում: Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը եւ իրագործումը եւ տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ Հայաստանի տեղի ու դերի հստակեցումը;

Հայաստանին սահմանակից երկրներից որեւէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի եւ նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձեւը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է  դառնում շահերի հավասարակշռման արդյունքում:

Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի եւ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով եւ պետք է շարունակեն զարգանալ»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ շարունակեց, որ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել. «Ու չնայած այս պայմաններում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում, ռազմավարական առումով կարեւոր է ընդգծել խաղաղության օրակարգի ամփոփոխելիությունը եւ մեր կառավարության հավատարմությունն այդ օրակարգին»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր