211652_close_icon
views-count1039 դիտում article-date 20:41 28-07-2023

Վարորդը բժշկից շատ է ստանում․ Մանե Թանդիլյանը լսել է բուժաշխատողների խնդիրները

«Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հանդիպել է բուժաշխատողների հետ, լսել ոլորտում առկա խնդիրների մասին ու պատասխանել հարցերին։

Հանդիպման մասնակիցներից մեկը հարց ուղղեց Թանդիլյանին բուժաշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատավարձերի մասին։ Նա ընդգծեց, որ հատկապես պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձերը չափազանց ցածր են։

«Մեր բուժաշխատողները շաբաթ-կիրակի օրերին էլ են աշխատում։ Նրանք չեն մտածում, որ ժամը վեցն է, գործից գնան, ամեն ինչով աշխատում են մեզ օգնել, բայց նրանք պաշտպանված չեն, խայտառակ աշխատավարձ են ստանում։ Ավտոբուսի վարորդը պոլիկլինիկայի բժշկից բարձր աշխատավարձ է ստանում, էլ ո՞ր երկրում է այդպես»,- ասաց մասնագետներից մեկը։

Ի պատասխան Մանե Թանդիլյանն ասաց, որ իր համար էլ աշխատավարձերի չափն անընդունելի է, և որ ինքն էլ անհարմար է զգում բժիշկների ու մանկավարժների աշխատավարձերի համար։

«Դա ուղղակի տվյալ պետության դեմքն է, երբ իր երկրում նման պատասխանատու ոլորտներում նման վարձատրություն է։ Ես գիտեմ, որ կուզենք ներդրվեն խրախուսման մեխանիզմներ, որպեսզի մոտիվացված լինի բժիշկը՝ իր վրա աշխատելու։ Ես ուզում եմ նաեւ հասկանալ, թե ինչպիսի՞ մոտիվացիոն մեխանիզմ պետք է ներդնենք, որ բժիշկը շահագրգիռ լինի նորարարությանը ծանոթանալ, մասնակից լինել դրա քննարկմանը եւ կատարելագործվել ամեն օր»։

Մասնակիցներից մեկն էլ ընդգծեց, որ առողջապահությունը Հայաստանում շատ անհասանելի է։

«Օրինակ՝ Ռուսաստանում բոլորն ունեն ապահովագրություն, իսկ այստեղ հատկապես մեծահասակները գերադասում են չդիմել բժշկի, մինչև գա վերջին օրը, որովհետև գները շատ բարձր են»։

Թանդիլյանն ասաց, որ թոշակառուների և կենսաթոշակառուների համար մշակված է կարգ, որով իրենք կոնկրետ ծառայություններից օգտվում են անվճար կամ զեղչով։

«Նման քաղաքականություն վարվում է, այլ հարց է, թե որքանով է բավարար և որքանով է ծածկում ամբողջական խնդիրը։ Ակնհայտորեն դա նաև կապված է երկրի բյուջեի հետ»։

 

Նմանատիպ նյութեր