211652_close_icon
views-count20653 դիտում article-date 14:34 04-08-2023

Սևանի գաղութի ծառայողները հերթական անգամ ապացուցեցին, որ ոչ միայն տիրապետում են օպերատիվ իրավիճակին, այլ նաև անգամ դռոնով նետված թմրանյութը օդում կբռնեն. դատապարտյալն էլ ասել է, թե լվացքն էր ման գալիս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ օգոստոսի 3-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Սևան» քրեկատարողական հիմնարկի ծառայողները հերթական անգամ ապացուցեցին, որ ոչ միայն տիրապետում են բանտում օպերատիվ իրավիճակին, այլ նաև բանտի աշխատակիցների շնորհիվ «ղուշն իր թևով, օձն իր պորտով» չեն կարող բանտի տարածքում որևէ բան թելադրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը լուսադեմին, բանտի ծառայողները հերթական հերթապահությունն իրականացնելիս տանիքից կասկածելի ձայներ են լսել, ապա նկատել են թե ինչպես է դատապարտյալներից մեկը գնում ձայնի ուղղությամբ:

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները վայրկյանների ընթացքում բռնում են դատապարտյալին, իսկ մի քիչ հեռավորության վրա հայտնաբերում են կասկածելի փաթեթ, որը բանտի տարածք էր նետվել դռոնի միջոցով: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվում է, որ փաթեթում առկա են 12 առանձին փաթեթներով «մարիխուանայի» նմանվող զանգվածներ, «ափիոնի» նմանվող զանգված, «մեթանֆետամինին» նմանվող զանգված, 35 հատ «լիրիկայի» դեղապատիճ և գլանակներ, որոնք ենթադրաբար լցված էին կանեփի յուղով: 

Դատապարտյալը, ում բռնել էին, «անմեղ գառան» հայացքով հայտնել է, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ, պարզապես տարածքում փնտրում էր պարանից պոկված իր լվացքը: 

Դեպքի փաստով Քրեակատարողական ծառայության «Սևան» քրեակատարողական հիմնարկում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր