211652_close_icon
views-count1771 դիտում article-date 08:18 26-08-2023

Զինկոմիսարիատներում կոռուպցիան վխտում է. ինչու ազատեցին Արմեն Ավթանդիլյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի հեռացումը անակնկալ է եղել ՊՆ աշխատակիցների համար, ու որեւէ մեկնաբանություն չի տրվել, թե ինչու ազատեցին նրան։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ իրավապահ համակարգը քաղաքական իշխանություններին տեղեկացրել է, որ զինկոմիսարիատներում կոռուպցիան վխտում է, ու աջուձախ զինվորների են տարեկետում տալիս կամ ազատում ծառայությունից, որոնց հիմքում կան կոռուպցիոն ռիսկեր։

Ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս հայտնեց, որ ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության պլանավորման և վերլուծության բաժնի սպան կաշառք է պահանջել, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի պետը զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար վերջինիս հորից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք, ու այսպես շարունակ։

Արդյունքում քաղաքական իշխանությանը բացատրել են, որ վարչության պետը թույլ է, ու առավել խիստ ղեկավար է պետք նշանակել իրավիճակը վերահսկելու համար, ուստի չի բացառվում, որ այս բացահայտումներն էլ հիմք դարձան Ավթանդիլյանին հրաժեշտ տալու համար:

Հավելենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր