211652_close_icon
views-count673 դիտում article-date 22:21 02-09-2023

Ադրբեջանի ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, «կուլ տալ» Արցախը, հետո՝ Հայաստանը․ Վազգեն Մանուկյան

«Այս հրապարակում հավաքվեցինք 30 տարի առաջ և ասացինք՝ պաշտպանելու ենք Ղարաբաղի անկախությունը։ Այն ժամանակ դա ֆանտաստիկ էր թվում, քանի որ Խորհրդային Միության տարիներին ֆանտաստիկ էր նման հանրահավաք անել և պահանջել Ղարաբաղի միավորումը Հայաստանի հետ»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։

Սակայն, ըստ նրա, այդ ծրագիրն իրականացավ, Խորհրդային Միության բոլոր օրենքներով Ղարաբաղն՝ Արցախն ազատվեց։ «1992 թվականին նորից այստեղ հավաքվեցինք, անելանելի էր թվում իրավիճակը, պատերազմում պարտվում էինք, թշնամին մեզանից 10 անգամ ավելի շատ զենք, զինամթերք ուներ, բայց պարտվեց ու մենք հաղթեցինք։ Այժմ նորից կանգնած ենք այս խնդրի առջև, իսկ խնդիրը լուրջ է, բայց նորից լուծում ունի»,- ընդգծեց նա։ 

Վազգեն Մանուկյանը նշեց, թե այսօր ինչ ծրագիր է իրականացնում Ադրբեջանը։

«Ադրբեջանը խնդիր է դրել Արցախն ազատել հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որ հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ տեղահանել կամ կազմակերպել կոտորած։ Շատ հստակ է այդ ծրագիրը։ 

Իսկ ի՞նչ ծրագիր ունի Հայաստանի հետ, որ դրանից հետո Հայաստանի հետ պետք է խաղաղ ապրի՞: Իհարկե, ոչ։ Մինչև այժմ ասում են՝ Երևանն իրենց պատմական հողն է։ Այսինքն՝ իրենց ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, «կուլ տալ» Արցախը, հետո՝ Հայաստանը։

«Զուգահեռ այդ աշխատանքը կատարվում է։ Զուտ մաթեմատկորեն հարցը չի լուծվում, եթե առանձին Հայաստանի հարցն ենք լուծում, առանձին՝ Արցախի հարցը: Դրանք իրար հետ շաղկապված են, մեկն առանց մյուսի կմեռնի»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Ինչ վերաբերում է արցախցիներին, նա նշեց, որ Արցախի ժողովուրդը կանգնած է իր տեղում և հայտարարում է պայքար, չի տրվում գայթակղությանը, որ Ադրբեջանի ճանապարհով իրենց հաց բերեն, ասում են՝ սոված կմնանք, բայց այդ ծուղակը չենք ընկնի։

«Եւ այնտեղ են մանկահասակ երեխաներ, կանայք, ծերեր։ Սա համաշխարհային պատմության ոսկե էջերում է գրվելու, քանի որ քիչ է նման բան պատահում, որ 120 հազար մարդ՝ երեխաներով, ծերերով, մնան մի տեղում պաշարված և չուզենան հանձնվել իրենց հայրենիքը պահելու համար։ Դուք ականատեսն եք այդ ոսկե տառերով գրված պատմությանը»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը։

Մինչդեռ այդ ժամանակ, ըստ նրա, Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք:

«Դա ոչ միայն բարոյական կամ քաղաքական, ազգային տեսակետից սխալ է, դա սխալ է ի սկզբանե, որովհետև Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացումը: Իսկ Արցախի պահվածքը բերեց նրան, որ հիմա ամբողջ աշխարհը հետաքրքրվում է Արցախով»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինչ-որ միջազգային կառույցներ պետք է ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը. «Սուտ է ասում, չկա այդպիսի բան: Ռուսական բանակն այնտեղ կանգնած է, այդ խնդիրը չի կարողանում լուծել, ֆրանսիացիները ուզում են մեքենայով ապրանք տանել, չեն կարողանում, էդ ո՞նց է այդ խնդիրը միջազգային կարգով լուծվում, դա անլուծելի խնդիր է։

Մեր պետության, ազգի շահերն ու նպատակները որոշվելու են ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Անկարայում կամ Վաշինգտոնում, այլ Երևանում:

Այդ ազգային հարցերը մենք մեկ անգամ ժողովրդի հետ որոշել ենք, եկել ենք համաձայնության և դրա հիման վրա գրել ենք հռչակագիր, որը դարձել է մեր պետության, մեր Սահմանադրության հիմքը: Իսկ Նիկոլը խախտում է Սահմանադրությունը»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Նա դիմելով ուժային կառույցներին՝ ասաց. «Հիշեք, որ դուք երդվել եք Սահմանադրությունը, երկիրը, պաշտպանելու, ոչ թե Նիկոլին պաշտպանելու: Հավաքվեք իրար հետ, ընտանիքներով խոսեք, ձեր առօրյա պարտականությունները շարունակեք կատարել, բայց քաղաքական այն որոշումները, որոնք հակասում են մեր Սահմանադրությանը, մեր օրենքներին, դուք պարտավոր չեք կատարել, դուք մեղսակից կլինեք, եթե կատարեք»:

Այնուհետև Վազգեն Մանուկյանը հավելեց․ «Փաստորեն մի խղճուկ մարդ մի թիմով, որի անդամները կայծակնային արագությամբ աղքատությունից դարձան Հայաստանի հարուստ մարդկանցից, ուզում է մեր ճակատագիրը որոշի։ Պետք է հարցը որոշենք ժողովրդի հետ։ Եթե մենք էլ, Արցախի պես նույն պնդությամբ, համառությամբ, սկզբունքների շուրջ համախմբված մնանք, աշխարհը մեզ հետ հաշվի կնստի: Պետք է ձևակերպենք մեր խնդիրները, հետո նոր դաշնակից փնտրենք, թե ով մեր հետ այդ խնդիրը կլուծի, այլ ոչ թե դաշնակից գտնենք, հետո իր ուզած խնդիրն այստեղ լուծենք։

Բայց դրա համար այս մեկ հանրահավաքը հարց չի լուծելու, պետք է լինի ազգային ժողովրդական շարժում, ժամանակն է նորից վերադառնալ այդ վիճակին: Կան կարող ուժեր, ես գտնում եմ, որ նրանք պետք է համախմբվեն, իրար հետ պայմանագիր կնքեն, որ գնում ենք այս խնդիրը լուծելու, ամեն մեկս ունի այս լիազորությունը, այս պարտավորությունը: Նրանք պետք է ստեղծեն 7-11 հոգանոց կոմիտե, որը ղեկավարելու է շարժումը: Դրանից հետո կոմիտեն պետք է որոշում ընդունի և բոլորը պետք է ենթարկվեն այդ որոշումներին: Այդ կոմիտեն պետք է ցույց տա Հայաստանի կամքը և առաջին հաղթանակը պետք է լինի իշխանությունը փոխելը, իսկ դա Բաքվում և Անկարայում կընկալեն որպես մեծ պարտություն:

Ես կոչ եմ անում բոլոր կարող ուժերին՝ համախմբվել, իրար հետ պայմանագիր կնքենլ ստեղծել այդ կոմիտեն, բայց այդ կոմիտեն այս ամբիոնից պետք է քվեարկվի, այդ մարդիկ պետք է լինեն կարող և  ժողովրդի համար ընդունելի»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Իր ելույթի վերջում դիմելով արցախցիներին՝ նա նշեց․ «Սիրելի արցախցիներ, մի հանձնվեք, մենք էլ այստեղ չենք հանձնվի։ Կեցցե Արցախը»։ 

Նմանատիպ նյութեր