211652_close_icon
views-count41539 դիտում article-date 11:19 04-09-2023

Արտակարգ իրավիճակը Ամասիա համայնքի Հայասա թաղամասում 30 տարի է պահպանվում է․ բնակիչներն ասում են․ «Ինչ իշխանություն եկավ, բոլորը խաբեբա դուրս եկան»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 30 տարի է՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Հայասա թաղամասի բնակիչները ամեն օր կենաց-մահու պայքար են տանում, որպեսզի գոնե թաղամասից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող ձորից ջուր բերեն իրենց տներ։

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, թաղամասի բնակիչները հավաքվել էին ու իրենց արդարացի պահանջն էին ներկայացնում ՀՀ կառավարությանը, Շիրակի մարզպետարանին և Ամասիա համայնքի ղեկավարությանը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Ասում են՝ 21-րդ դարում մարդիկ չպետք է ջրի խնդիր ունենան, գոնե օրական մի 2-3 ժամ կարող են ջրով ապահովել։ 30 տարի է՝ կարծես քարե դարում ապրենք, 30 տարի է՝ մեզ խոստանում են, որ խմելու և ոռոգման ջրի հարցը կլուծեն, բայց ինչ իշխանություն եկավ, բոլորը մեզ համար հայտնվեցին սին ու դատարկ խոստումներ տվողների ցանկում։ Ընտրությունից ընտրություն իրար հերթ չտալով՝ սարեր են խոստանում, բայց էդ խոստումները օդ են դուրս գալիս։ Գուցե էդ մարդկանց նպատակը թաղամասը դատարկելն է։ 120-ից ավելի մարդ էր ապրում, մի քանիսը ջուր չունենալու պատճառով լքեցին իրենց տները։ Լավ, ինչքա՞ն կարելի է այս պայմաններում ապրել։ Վստահ ենք, 1 ժամ նույնիսկ էդ մարդիկ չեն մնա էստեղ, բայց մենք 30 տարի է՝ առանց ջրի գոյության պայքար ենք տանում։ Երանի ենք տալիս ձմռանը, որ առատ ձյուն տեղա ու հալեցնենք, ջուր ունենանք։ Թաղամասից բավականին հեռավորության վրա ձորով գետ է հոսում, ստիպված դույլերով ենք էնտեղից ջուրը բերում, որ գոնե մեր հիգիենան պահենք։ Մեր հարևանն էլ ամեն օր իր մեքենայով է հեռու տեղից բոլորիս ջուր հասցնում։ Գոնե կառավարությունը՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խնդիրը լուծեն։ Ամոթ է, թաղամասը 4 կողմից շրջապատված է ջրով, բայց մենք ջրին չակերտավոր ասած՝ «կակա» ենք ասում»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված թաղամասով միշտ անցնում են զբոսաշրջիկներ ու երեկ երիտասարդ ռուս զբոսաշրջիկները թաղամասի բնակիչներից ջուր էին ուզում․ լավ էր, գոնե սառնարանում ջուր կար, բայց նրանք զարմացան, երբ իմացան, որ ամբողջ թաղամասը 21-րդ դարում ունի ջրի խնդիր։

Հիմա բնակիչները ուզում են հավատալ, որ իրենց թաղամասում ջրի խնդիրը կկարգավորվի՝ հակառակ դեպքում մի ամբողջ թաղամասի բնակիչներ՝ ահել-ջահել մեր ու մանուկ՝ այդ թվում առողջական խնդիրներ ունեցողներ, ինչպես իրենք էին ասում, «վայ-անպատասխանատու պաշտոնյաների մեղքով» կմնան նորից անջուր։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր