211652_close_icon
views-count20444 դիտում article-date 12:38 04-09-2023

Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ «դիվանագիտական» համարանիշներով Mazda-ն մի քանի կիլոմետր հետապնդվելուց հետո պարեկների կողմից վնասազերծվեց․ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2023 թվականը հայտարարել են մի քանի հանցատեսակների դեմ պայքարի տարի, որոնց արդյունքում ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքներ է կատարել և արձանագրվել է առաջընթաց։

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների ղեկավար կազմի հետ հանդիպումներին թիվ 1 խնդիր է դրել նաև պայքարը ապօրինի թմրամիջոցների տարածման և օգտագործման դեմ, իսկ Երևանի գնդի պարեկները բազմիցս անգամներ ապացուցել են, որ ոչ միայն տիրապետում են արտաքին ծառայությանը, այլև օպերատիվ տեղեկություններ են ստանում կատարված և կատարվող հանցագործությունների մասին, որը հնարավորություն է տալիս նաև հայտնաբերել հանցագործներին և կանխել տեղի ունեցող հանցագործությունները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Ա․ Խուդինյանն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել, որ Երևանում կեղծ դիվանագիտական կարմիր գույնի համարանիշներով ավտոմեքենան ոչ միայն «զվռնում է», կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, այլ նաև այդ մեքենայով շրջում են կասկածելի անձինք։

Ա․ Խուդինյանի հանձնարարականով՝ Ա․ Իսախանյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ, ենթադրյալ դիվանագիտական կեղծ համարանիշներով ավտոմեքենայի գտնվելու վայրը ճշտվում է և պարեկները անցնում են գործի։

Նոր Նորքի վարչական տարածքում նույն վաշտի պարեկներ Հովհաննես Հարությունյանն ու Արմեն Մարտիրոսյանը նկատում են այդ ավտոմեքենան և վարորդին հրահանգում են, որպեսզի կանգնի, սակայն նա գլուխը դուրս է հանում պատուհանից և մունաթ գալիս պարեկների վրա, թե դուք իրավունք չունեք դիվանագիտական համարներով ավտոմեքենան կանգնեցնեք և դիմում է փախուստի։

Պարեկներն էլ վստահ լինելով ստացված օպերատիվ տվյալների վրա՝ Գայի պողոտայից հետապնդում են փախուստի դիմած Mazda-ն և հետապնդումը շարունակվում է Նորք Մարաշ, Սարի թաղ, Քրիստափոր փողոցներով մինչև Արշակունյաց պողոտա ու արդեն Շենգավիթ վարչական շրջանի դատարանի մոտ Հ․ Հարությունյանին ու Ա․ Մարտիրոսյանին հաջողվում է իրենց գործընկերների հետ վնասազերծել «դիվանագետներին»։

Վերջիններիս մոտ հայտնաբերվում է «կրիստալ» տեսակի թմրամիջոց։

Այդ անձինք Mazda մակնիշի դիվանագիտական կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվում են Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ ներկայացվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերվան ենթարկվածներն են Երևանի բնակիչներ 40-ամյա Սևակ Կ․-ն և 31-ամյա Հրաչյա Հ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք նախկինում եղել են դատապարտված, նրանցից մեկի վերաբերյալ էլ Երևանի քրեական դատարաններից մեկում դատավարություն է ընթանում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր