211652_close_icon
views-count43396 դիտում article-date 18:18 05-09-2023

Վիճաբանություն, ծեծկռտուք «Քաղաքացիական պայմանագիր» և «Բևեռ» կուսակցության համակիրների ու անդամների միջև. կան մեծ թվով բերման ենթարկվածներ. պատճառը եղել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում, որի մասնակիցներն են եղել Երևանի ավագանու ընտրություններում քարոզարշավ իրականացնող «Ազգային ժողովրդական բևեռ» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցում անհայտ անձինք հարձակվել են «Բևեռ» կուսակցության անդամների վրա:

Որոշ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օեպարտիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ «Բևեռ»-ը ինքնապաշտպանության համար տեսանկարահանել է, թե ինչպես են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անձինք հարձակվել իրենց վրա, հարվածել և հայհոյանքներ հնչեցրել իրենց հասցեին, սակայն պարեկները պահանջել են, որպեսզի անջատեն տեսանկարահանող սարքերը և իրենց հետ մոտենան ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ահազանգողը հայտնել է նաև, որ ոստիկանները խոչընդոտում են իրենց կողմից իրականացվող խաղաղ երթը և ավտոմեքենայով աղջիկ են տանում ոստիկանություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիա բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Կուրղինյան նրբանցքի 27/1 հասցեի մոտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց «Ազգային ժողովրդական բևեռ» քաղաքական կազմակերպության անդամները իրականացրել են քարոզարշավ, որի ժամանակ վիճաբանել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում գտնվող անձանց հետ, հայհոյանքներ հնչեցնելով՝ քաշքշել և հարվածներ հասցրել միմյանց՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեկան հետախուզության ծառայողները ու ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները Կուրղինյան նրբանցքի 6-րդ հասցեի մոտից խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել «Ազգային ժողովրդական բևեռ» քաղաքական կազմակերպության անդամներ և համակիրներ Երևանի բնակիչներ 37-ամյա Արմենուհի Մ.-ին, 52-ամյա Գերասիմ Ա.-ին, 30-ամյա Սոնա Մ.-ին, 55-ամյա Աբրահամ Գ.-ին, 32-ամյա Էդուարդ Ն.-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 57-ամյա Աշոտ Պ.-ին, 51-ամյա Գևորգ Մ.-ին, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Արմեն Ա.-ին և Երևանի բնակիչ 49-ամյա Արմենուհի Ս.-ին, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և համակիրներ Երևանի բնակիչներ 72-ամյա Լյովա Բ.-ին, 46-ամյա Արսեն Բ.-ին, 50-ամյա Արսեն Մ.-ին, 49-ամյա Արամ Պ.-ին, 34-ամյա Գևորգ Ն.-ին, 53-ամյա Վաչագան Ֆ.-ին և 58-ամյա Լիլիա Ն.-ին:

Նշված վայրից ոստիկանության Մալաթիայի բաժին է տեղափոխվել նաև BMW և Toyota մակնիշի ավտոմեքենաներ:

Դեպքի փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր