211652_close_icon
views-count772 դիտում article-date 10:52 08-09-2023

Արդարադատության նախարարությունն ու ԱՄՆ ՄԶԳ-ն խորացնում են համագործակցության ուղիները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ժողովրդավարության կառավարման գրասենյակի տնօրեն Մեթյու Լեյդի և «Դիմոքրասի Ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմի գլխավորած պատվիրակությունները։ ԱՆ-ից հայտնում են, որ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ նախարարության հետ երկարատև և շարունակական համագործակցության համար, նշելով, որ գործակալությունը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում մի շարք կարևոր բարեփոխումների իրականացման գործընթացում։

Հանդիպմանը կողմերը քննարկել են «Դիմոքրասի Ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Պաշտպանություն, ներառում և հզորացում» նոր հնգամյա ծրագիրը, որն ուղղված է սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող հարցերին։

Ծրագիրը ներառում է ՀՀ-ում խոցելի խմբերի՝ տեղահանված բնակչության, կանանց, կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների կենսապայմանների բարելավման, համապատասխան օրենսդրական դաշտի զարգացման, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հնարավորության ապահովման և մի շարք այլ նշանակալից նպատակներ։

Քննարկվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության և մի շարք այլ փոխկապակցված ուղղություններով իրավական բարեփոխումների շրջանակներում «Պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի հետ Արդարադատության նախարարության համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր