211652_close_icon
views-count1846 դիտում article-date 08:52 19-09-2023

Մեղավորները պատժվելու են. ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար:

Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ իր թիմակիցների անգործությունն է պատճառը, որ այս վիճակին են հասել եւ Երեւանում վարկանիշ չունեն այլեւս: ՔՊ-ականները երկարատեւ քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ այս պատկերի իրական պատճառը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է, քանի որ կառավարության մի շարք պաշտոնյաներ տեղում չեն ու անգործության են մատնված։

Առաջիկայում մի շարք պաշտոնանկություններ են սպասվում, ասել է թե՝ կադրային ջարդի գործընթացը մեկնարկում է։ «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ավագանու ընտրություններից հետո այն նախարարները, որոնք անգործության են մատնված, հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Նրանց թվում են Գնել Սանոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Նարեկ Մկրտչյանը եւ Գրիգոր Մինասյանը:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ականներն ավագանու ընտրությունները մեծ հարված են համարում իրենց վարկանիշին, քանի որ «50+»-ի ակնկալիքներ են ունեցել: Հիմա այս իրավիճակից որպես ելք դիտարկում են կոալիցիայի կազմումը, իսկ նրանց հույսն այս պահին Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն է, քանի որ անցողիկ շեմը հաղթահարած միակ ուժն է, որ կոալիցիա կկազմի իշխող ուժի հետ: ՔՊ-ականները հույս ունեն, որ այսկերպ գոնե կկարողանան իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրել, եթե անցած մյուս ուժերից կարողանան 2 ավագանիներ «պոկել»: Վարչության նիստից հետո ՔՊ-ականներին հասկացրել են, որ կատարվածը դաս պետք է լինի իրենց համար, ու այսուհետ ամեն բան այլ է լինելու։

Օրվա վերջում միայն Ավինյանը խորը դեպրեսիայից հետո շնորհակալություն հայտնեց իր ընտրողներին, ՔՊ-ն էլ խոստացավ ավելի ուշ տեսակետ հայտնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր