211652_close_icon
views-count1180 դիտում article-date 19:36 29-09-2023

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ռոբերտ Գլովերի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Երեխաների եւ ընտանիքի նախկին նախարար Էդվարդ Թիմփսոնի եւ «Խնամք երեխաների համար» ՀԿ հիմնադիր նախագահ Ռոբերտ Գլովերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում ակտիվ է եղել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների հետ:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Սարգիս Խանդանյանի խոսքով Ադրբեջանի` էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքով արդեն շուրջ 90.000 անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է Հայաստան:

Սարգիս Խանդանյանն անդրադարձել է տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:

Կողմերը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվող քաղաքացիների, մասնավորապես, տարեցների եւ երեխաների սոցիալական կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր