211652_close_icon
views-count3883 դիտում article-date 17:34 03-10-2023

«Դուք եք փակել Արցախի հաղթական էջը, պատմությունն իրականությունն արձանագրել է, որի պատասխանը վաղ թե ուշ դուք եք տալու»․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը։ «2020 թվականի նոյեմբեր, 44-օրյա պատերազմի ավարտ, ՀՀ իշխանությունը ազդարարում է, որ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից եւ քաղաքական առումով հարցն ուղարկում է Արցախում տեղակայված ռուսական առաքելության տիրույթ:

2021 թվականի մայիս, հայտարարվում է «խաղաղության դարաշրջանի» մասին, ինչն իր հետ բերում է նոր կորուստներ ու տառապանք: 2022 թվականի ապրիլ, խորհրդարանում իշխող ուժի առաջնորդը հայտարարում է, որ պատրաստվում է Արցախի հարցով նշաձողն իջեցնել, իսկ զուգահեռ նրա որոշ թիմակիցներ սկսում են հայտարարել, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:

2022 թվականի հոկտեմբեր, Պրահա, իշխող ուժի ղեկավարը բաց հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրության մասին: 2022 թվականի դեկտեմբեր, Ադրբեջանը փակում է Հայաստանն Արցախին կապող միջանցքը, որով սկիզբ է դրվում Արցախի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստմանը: 2023 թվականի ապրիլ, Ադրբեջանն օգտագործելով և որպես հիմք ներկայացնելով Հայաստանի իշխանության դիրքորոշումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, անցակետ է տեղակայում Հայաստանն Արցախին կապող միջանցքում:

2023 թվականի օգոստոս, Արցախում հումանիտար վիճակի խորացման եւ ծայրահեղ դրսևորումներ ստանալու ֆոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանրայնացնում է իր մտադրությունը՝ նախագահի պաշտոնից հրաժարական, իսկ ավելի կոնկրետ՝ փախուստի դիմելու մասին: Շուրջ երկու շաբաթ Արցախում փորձում են նրան համոզել, որ ստեղծված իրավիճակում նրա քայլը չափազանց վտանգավոր է եւ դա պետք է թողնել հարաբերական կայուն ժամանակների, սակայն վերջինս պնդում է, որ իրավիճակը հարաբերական կայուն է եւ ենթադրաբար ցուցում ստանալով Նիկոլ Փաշինյանից՝ գնում է այդ քայլին:

Նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ հետո Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է ձեռնարկում Արցախի դեմ, որի պիկին ՀՀ իշխող ուժի առաջնորդն Ադրբեջանին հավաստիացնում է հրապարակային, որ Հայաստանն այս իրավիճակում չի ներքաշվի՝ բախտի ճակատագրին թողնելով արցախցիներին»,- հայտարարեց նա։ Ըստ Աբրահամյանի՝ իննամսյա շրջափակման ծանր պայմաններում, երբ նույնիսկ բանակի մատակարարումներն էին խափանվել, Ադրբեջանը պաշտպանության բանակը 10 անգամ գերազանցող ուժերով հարձակվեց եւ ծանր կորուստների գնով կոտրեց դիմադրությունը՝ Ստեփանակերտի մատույցներում վերջնագիր ներկայացնելով Արցախի իշխանությանը:

«Շրջափակված, ծանր կորուստներ եւ որեւէ աջակցություն չունեցող Արցախն ընկնում է, ՌԴ-ն չի կանխում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, իսկ ՀՀ իշխանությունն իր հայտարարություններով, գործողություններով հավաստիացնում է, որ Արցախի հարցին որեւէ ձեւով միջամտելու նպատակ չունի, որովհետեւ իր համար Արցախն Ադրբեջան է եւ վերջ: Անկախ այն հանգամանքից, թե այս ամբիոնից ինչ ծանրության մեղադրանքներ կհնչեն, ով իր կաշին ու իշխանությունը փրկելու համար մեր ժողովրդի նկատմամբ էլ ինչ թշնամության կգնա, մեկ է, պատմությունն իրականությունն արձանագրել է, որի պատասխանը վաղ թե ուշ դուք եք տալու: Դուք եք փակել Արցախի հաղթական էջը եւ ձեր քաղաքական մանյովրներն ու սարսափելի կեցվածքը ձեզ որեւէ ձեւով չեն օգնելու»,- ասաց Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր