211652_close_icon
views-count4609 դիտում article-date 17:25 04-10-2023

«Դուք Բաքվի խամաճիկային կառավարությունն եք», «խամաճիկայինը ձեր կառավարությունն է». Փաշինյանը եւ Խաչատրյանը վիճեցին. News.am

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հարց ուղղեց այն մասին, թե արդյո՞ք իրենց «խամաճիկային կառավարությունն» է երաշխավորելու Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։ 

Արթուր Խաչատրյանն իր հարցում, մասնավորապես, նշեց․ «Սեպտեմբերի 19-ին երբ Ադրբեջանը հերթական պատերազմը սանձազերծեց հայ ժողովրդի դեմ, ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ ՀՀ սահմաններին խաղաղ է, Փաշինյանը հայտարարեց, որ այս փորձությունների միջով անցնում ենք հանուն Հայաստանի, սրանով ՀՀ կառավարությունը Պիղատոսի նման ձեռքերը լվացեց եւ մի կողմ քաշվեց, հեռվից հետեւելով, թե ադրբեջանցի բորենիներն ինչպես են հոշոտում մեր հայրենակիցներին, իշխանությունները Արցախը մատաղ արեցին՝ պատճառաբանելով, թե դա անում են հանուն Հայաստանի ինքիշխանության ու անախության կարծես՝ Արցախն էր մեր անկախության թշնամին, հերոսաբար կռվելով հանրապետությունն ընկավ։ ՀՀ իշխանությունները շտապեցին կիրառել այն թեզը, որ ադրբեջանական ագրեսիայի պատճառն Արցախում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն էին․ ինչ են ուղերձ են սրանով ՀՀ իշխանությունները փորձում հղել, եթե Հայաստանում էլ իշխանություն փոխվի, նույնը սպասվում է նաեւ Հայաստանին․ ավելի պարզ՝ կամ Նիկոլ Փաշինյանը կլինի Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ, այսինքն՝ անկախ ու ինքիշխան Հայաստանը պետք է ունենա այնպիսի կառավարություն, որը կբավարարի Ադրբեջանին, այդ կառավորությունն իրենք են։ Քաղաքագիտության մեջ սա հայտնի է որպես «խամաճիկային կառավարություն»։ Հարցս՝ արդյո՞ք խամաճիկային կառավարությունն է երաշխավորելու Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, սա՞ է այդ նոր Հայաստանը, որը կառավարությունը փորձում է կերտել»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Խաչատրյանին՝ «խամաճիկային կառավարության» մեջ մեղադրեց ընդդիմությանը․ 

«Կարծում եմ՝ ում բայց ձեր խմբակցության խամաճիկային կառավարություն արտահայտությունը շատ ծանոթ է, որովհետեւ դուք եւ կողքի խմբակցությունը երկար տարիներ Հայաստանում ձեւավորել եք խամաճիկային կառավարություն, որը ոչ ինքնուրույն ոչ շնչել է, ոչ արտաշնչել է, ոչ հազացել է, ոչ էլ փռշտացել։ Ես հիմա չեմ էլ ուզում խոսել Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների վերաբերյալ, որովհետեւ այդ թվում՝ դուք եք նրանց հարվածի տակ դրել, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, թե դուք  ինչպես էիք 2 խմբակցությունով տոնում, երբ Լեռնային Ղարաբաղում իշխանության փոփոխություն էր տեղի ունենում։ Ասում էին՝ ԼՂ ժողովուրդը ձեռքները խփել են սեղանին, եւ ահա վերջապես ազգային իշխանություն է ձեւավորվում, դուք եւ կողք խմբակցության ղեկավարները շնորհավորում էիք այդ փոփոխության կապակցությամբ, ասում էիք՝ եկել է ԼՂ-ի փրկության ժամը։ Թերեւս այն, ինչ տեղի ունեցավ, ձեր ծրագրերի մեջ էր մտնում»։

Անդրադառնալով այյն դիտարկմանը, թե ադրբեջանական հարձակումը պայմանավորված էր Արցախում տեղի ունեցած իշխանափոխությամբ՝ վարչապետն ասաց․ «Բա չե՞ք հիշում, որ ասում էիք՝ պատերազմը սկսել է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ասել է այսպիսի մի նախադասություն, հետո սենց մի նախադասություն է ասել, հետո նա սենց մի նախադասություն է ասել․ այդ տրամաբանությունը ձեր դեպքում գործում է, ուրիշի դեպքում չի՞ գործում։ Փաստորեն դուք այդ պլանի մասին տեղյակ եք եղել, որովհետեւ  այս ամբիոնից ասում էիք՝ հեսա զանգն է հնչելու, հեսա տեսեք՝ ինչ է լինելու, եղավ, եղավ այն, ինչ դուք պլանավորում էիք, եւ չեղավ այն, ինչ դուք ուզում էիք, որովհետեւ ձեր պլանն էր, որ Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ մեր հայրենակիցները բռնի տեղահանվելուց Երեւան գալու հնարավորություն չեն ունենա, կգնան Բոստոն, Փարիս, Լոս Անջելոս՝ ուժեղացնելու ՀՅԴ-ի նոսրացող եւ զրոյացող շարքերը։ Հիմա ի՞նչ եք եկել այստեղ ճառեր ասում»։

Արթուր Խաչատրյանն արձագանքեց Փաշինյանին, նշելով, որ պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ Փաշինյանը չունենալով դրա իրավունքը, չունենալով Արցախի ժողովրդի լիազորությունը, ճանաչել է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ։ Խաչատրյանը մեղադրեց Փաշինյանին «մարիոնետային կառավարություն» լինելու մեջ։

«Մարիոնետային կառավարությունը ձեր կուսակցությունների կառավարություններն են եղել, որոնք երբեք սեփական ժողովրդի կողմից չեն ընտրվել։ Բա ո՞ւմ կողմից են իրենք կարգվել, կարո՞ղ եք բացատրել։ Ոչ դուք եք որոշում ՝ Հայաստանում իշխանափոխություն կլինի, թե՝ ոչ, ոչ էլ ուրիշ մեկը, դա որոշում է ՀՀ ժողովուրդը։ ՀՀ ժողովուրդը որ որոշի, կարողա էսօր իրիկուն էլ իշխանափոխություն անի, եւ ձեզ էլ չի հարցնի։ Դուք երբեք ինքնուրույն քաղաքականություն չեք ունեցել, դուք չեք էլ հասկացել՝ ինչ քաղաքականություն եք վարում, դուք վարել եք մի քաղաքականություն, որպեսզի ՀՀ-ն երբեք անկախ ու ինքնուրույն չլինի։ Եվ այդ թվում՝ ձեր քաղաքականություն վարելու մոդելը երեւաց ԼՂ-ում»,- արձագանաքեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր