211652_close_icon
views-count65968 դիտում article-date 12:59 05-10-2023

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ՝ Երևանում. մոտ 20 տարի Սիլիկյան թաղամասում ապրող 20-ից ավելի բնակիչների Կարմիր բերետները բռնի ուժով վտարում են. բժիշկները մի քանիսին օգնություն են ցուցաբերում, այդ թվում՝ «բերետների». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:

Սիլիկյան թաղամասից դեպի ժողովրդին հայտնի «Սպանդարյան» գերեզմանների հարևանությամբ գտնվող սեփական տների բնակիչները՝ մեր ու մանուկ, ահել-ջահել, թույլ չեն տալիս, որպեսզի Երևանի քաղաքապետարանը քանդի 10-ից 20 տարվա կառուցված 25-ից ավելի տներ:

Իրավիճակը լարվել է և դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կարմիր բերետները մի մեծ թվով քաղաքացիների բռնի ուժով, մի քանիսին էլ՝ քարշ տալով, նստեցրեցին իրենց ոստիկանակա ավտոմեքենաները ու տեղափոխեցին:
Դեպքի վայր ժամանած Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը մի քանի հոգու բուժօգնություն ցուցաբերեցին, որոնց մեջ կային նաև Կարմիր բերետներ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին.

«10, 15, 20 արի է՝ որ էս օձերով ու կարիճներով տարածքը մաքրել ենք աղբից ու տներ ենք կառուցել, ստեղծել նաև այգիներ: Օրինական ճանապարհով կոմունալ վճարումները կատարում ենք, ու հիմա, Երևանի քաղաքապետարանը, հավանաբար, ինչ-որ մեկին հաճոյանալու համար որոշել է, որ այս բոլոր տները ապօրինի են: Եթե ապօրինի են, ինչո՞ւ ենք հոսանքի, կոմունալի, աղբի և այլ ծառայությունների դիմաց վճարումներ կատարել: Բազմիցս դիմել ենք Երևանի մի քանի քաղաքապետերի, ովքեր մեզ ասում էին, թե հարցը կկարգավորվի՝ ի շահ բնակչի: Եթե կարգավորումը սա է, որ մոտ 25 տների բնակիչների տարիներով կառուցածը հողին եք հաասարեցնելու, ու մեծ թվով բնակիչների՝ այդ թվում՝ զինվոր պահող ընտանիքների, արդյո՞ք դա մարդկային մոտեցում է: Ամոթ է, հետո էլ ասում եք՝ արտագաղթ, էլ արտագաղթը ո՞նց է լինում: Թուրքն ու ադրբեջանցին Արցախը դատարկեցին, հիմա դուք եկել, մեզ մեր տներից բռնի ուժով դուրս եք հանում»:

Տեղում են ոստիկանության Մաշտոցի բաժնի պետը, օպերատիվ գծով տեղակալը, Կարմիր բերետների հրամանատարը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը: Այս պահին, հատուկ տեխնիկաներով, ոստիկանների ու Կարմիր բերետների հսկողությամբ քաղաքապետարանը սկսել է, ըստ իր հայտարարության, ապօրինի կառույցների քանդումը:
Իրավիճակը էլ ավելի լարվեց, երբ քաղաքապետարանի տրակտորը փորձեց ճանապարհը փակած բեռնատարը հեռացնել և այդ պահին Կարմիր բերետների ուղղությամբ քարեր նետվեցին, ու բերետները սկսեցին քաղաքացիներին նորից բերման ենթարկել, ասելով, թե ինչու են քարեր շպրտում: Քաղաքացիներն էլ հակադարձում էին, որ իրենք քարեր չեն շպրտել, հավանաբար դրանք արել են ոստիկանները, որպեսզի իրավիճակը թեժանա, ու մարդկանց բռնեն, տանեն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 347+
347+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր