211652_close_icon
views-count1393 դիտում article-date 20:23 08-10-2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

 
Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:

Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Իրաքի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Տնօրեն ժողովի ատենապետ Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ Հոգեշնորհ Տ. Կորյուն ծայրագույն վարդապետ Բաղդասարյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ներկայացուցիչներ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավորներ Հայաստանից, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից, Իրաքի և Վիրահայոց թեմերից։

Սուրբ Պատարագը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդվեց դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ սկսվեց սրբազան Խորհուրդը: Առընթերականերն էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խարտավիլակն էր Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվեցին աշխարհից:

Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հանդիսավոր թափորով Սուրբ Խորան բարձրացրեց Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Օշական, Թեոդորոս, Մեսրոպ, Կորյուն և Կիրակոս վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:

Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազան ու մատանի:

Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց հավատավոր ժողովրդին և նորաօծ եպիսկոպոսներին՝ ի մասնավորի ընդծելով. «Այսօր վերստին աղոթքը Մեր շուրթերին Ադրբեջանի ռազմական ոճրագործությունների և Արցախի հայաթափման պատճառով լրջագույն մարտահրավերների դիմագրավող մեր հայրենիքի և ժողովրդի համար՝ Ամենակալ Տիրոջ բարեխնամ կամոք ու ողորմությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեցինք եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։
 

Նմանատիպ նյութեր